Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ոչ միանշանակ են ընդունել «Վիքիլիքսի» բացահայտումները


Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը «մտահոգիչ» է անվանել տեղեկատվական արտահոսքը։

Աֆղանստանի պատերազմին վերաբերող ավելի քան 92 հազար գաղտնի փաստաթղթերի հրապարակման փաստը դատապարտել է ոչ միայն Սպիտակ տունը, այլեւ պետական դեպարտամենտը եւ Պենտագոնը։ Շարքային ամերիկացիներն էլ արձագանքել են «Վիքիլիքս» ինտերնետային կայքէջի հրապարակումներին։

Շատերը քննադատում են «Վիքիլիքսի» քայլը` կրկնելով իշխանությունների այն թեզը, որ արտահոսքը վնաս է հասցնում երկրին եւ վտանգում է Աֆղանստանում տեղակայված զինծառայողների կյանքը։ Շատերն էլ պնդում են, որ «Վիքիլիքսը» իրականում որեւէ նոր բան չի բացահայտել։

«Ով հետեւել է բլոգերում Աֆղանստանում ծառայողների մեկնաբանություններին եւ ծանուցումներին, վաղուց գիտի, որ այդ պատերազմում հաղթել հնարավոր չէ», - «Նյու Յորք Թայմսի» կայքէջում գրել է ընթերցողներից մեկը։

Սպիտակ տան խոսնակըլ համաձայն է, որ գաղտնազերծված փաստաթղթերում առանձնապես նոր բան չկա։

«Չեմ կարծում, որ այդ հրապարակված հարցերը չեն քննարկվել ձեր կամ իշխանությունների կողմից», - դիմելով լրագրողներին` ասել է Ռոբերթ Գիբսը։

Ամերիկացիների վերաբերմունքը այս պատերազմի նկատմամբ հիմնականում բացասական է։ Գելափի կենտրոնը հուլիսի 13-ին հրապարակել է վերջին հարցախույզի արդյունքները, որոնց համաձայն, բնակչության 60 տոկոսը ենթադրում է, որ Աֆղանստանում իրադարձությունների ընթացքն Ամերիկայի համար անբարենպաստ է։

«Եթե իմանայի, որ այդ պատերազմները պետք է այսպես անվերջ շարունակվեն, ես 2008-ին կքվեարկեի Ջոն ՄըքՔեյնի օգտին»,- վրդովված գրել է «Լոս Անջելես Թայմսի» ընթերցողներից մեկը։

Կան նաեւ «Վիքիլիքսի» քայլը դավաճանություն անվանողներ։ Ֆեսյբուք սոցիալական ցանցում նույնիսկ ստեղծվել է մի նոր էջ «Փակե'լ Վիքիլիքսը» կարգախոսով, մինչդեռ, նույն Ֆեյսբուքում «Վիքիլիքսի» աջակիցներին մի քանի օրում միացել է եւս 60 հազար մարդ։

Ամերիկացի նախկին զինվորական Դեյվիդ Սթրեքոյի համոզմամբ, արտահոսքը իրական ազդեցություն չի գործի։ «Նրանք, ովքեր պատերազմին դեմ են, այսօր ավելի ամուր դիրքից կխոսեն, նրանք, ովքեր չեն ուզում քննադատել երկիրը, զայրանալու են, բայց որեւէ բան չի փոխվի»,- ասել է նախկին զինծառայողը։

Այնուամենայնիվ քաղաքական վերնախավը չի կարող անտեսել «Վիքիլիքսի» քայլի հետեւանքը։ Ազդեցիկ գործիչ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին տարածել է մի հայտարարություն, որով անդրադարձել է Աֆղանստանի եւ Պակիստանի խնդրին։

«Որքանով էլ ապօրինի է եղանակը, որով հրապարակվել են փաստաթղթերը, դրանք ստիպում են լուրջ քննության առնել Պակիստանի եւ Աֆղանստանի նկատմամբ Ամերիկայի վարած քաղաքականությունը։ Այն մտել է ճակատագրական փուլ, փաստաթղթերը ընդգծում են հարցի գինը եւ մատնանշում փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ վարելու համար», - ասվում է Քերրիի հայտարարությունում։

Սենատորի տեսակետը մեծ նշանակություն ունի պատերազմի անբարենպաստ ընթացքի առիթով հետզհետե սաստկացող քննադատության ենթարկվող նախագահ Օբամայի համար։ Աֆղանական ռազմավարությունը քննարկվելու է այս տարվա դեկտեմբերին։ Վերլուծաբանների կարծիքով, Ջոն Քերրին կարող է այդ զեկույցների հարցով հատուկ լսումներ պահանջել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG