Մատչելիության հղումներ

logo-print

Վիեննայում նորից անցկացվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային կոնֆերանս


ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային կոնֆերանսը Վիեննայում

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային կոնֆերանսը Վիեննայում

Շուրջ 20 հազար մարդ ամբողջ աշխարհից` այդ թվում քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ ու հայտնի մարդիկ, հավաքվել էին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` ներկայացնելու կատարված աշխատանքն ու լուծումներ առաջարկելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: 21-րդ դարի ժանտախտ կոչված այս հիվանդությունը վերջին երեք տասնամյակում խլել է միլիոնավոր մարդկանց կյանքեր: Ամեն րոպե աշխարհում մոտ 9 մարդ վարակվում է ՄԻԱՎ-ով, որը ՁԻԱՀ-ի նախնական փուլն է:

2010 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 831 դեպք, սակայն մարդու իմունային անվաբարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող հիվանդների թիվը Հայաստանում 2300 է: Իրավիճակը հատկապես տագնապալի է թույլ զարգացած երկրներում, Աֆրիկայում: ՄԻԱՎ –ի բուժումը, ինչի շնորհիվ զգալիորեն երկարաձգվում է մարդու կյանքը, ոչ բոլոր հիվանդներին է հասանելի, քանի որ հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու համար միլիարդավոր դոլարներ են հարկավոր: Միջոցների անհրաժեշտությունը` որպես բուժման առաջնային խնդիր, շեշտեց նաեւ համաժողովի բանախոսներից ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:

Քլինթոնի ստեղծած հիմնադրամը զբաղվում է աշխարհի կարեւորագույն խնդիրներով` այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարով, վարակակիրների բուժման ու հիվանդության կանխարգելման համար գումարներ հայթայթելով, ինչպես նաեւ այլ կարեւոր հարցերով:

«Մենք բավական մեծ առաջընթաց ունենք. 5,2 մլն մարդ այժմ բուժում է անցնում: Նրանց մոտ կեսը մեր ֆոնդի հայթայթած գումարներով է ստանում այդ բուժումը, եւ այդ 2,6 մլն-ով մենք 70 տոկոս աճ ենք գրանցել այն թվի համեմատ, որն ունեինք 2 տարի առաջ», - իր խոսքում ընդգծեց Քլինթոնը:

Համաժողովի անցկացման համար ծախսվել էր մոտ 20 մլն դոլար, հիվանդության դեմ պայքարի ու հիվանդներին դեղամիջոցներ տրամադրելու համար պետք են միլիարդներ: Կազմակերպիչները հուսով են համաժողովի միջոցով բարձրացնել այս խնդրի կարեւորությունը բոլոր երկրներում ու ստիպել իշխանություններին գումարներ տրամադրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային ֆոնդին:

XS
SM
MD
LG