Մատչելիության հղումներ

Ճարտարապետները ահազանգում են


Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը (աջից) եւ Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Թամանյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը (աջից) եւ Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Թամանյանը:

Հայաստանի մայրաքաղաքի` վերջին տարիներին ինտենսիվացած կառուցապատումը լուրջ մտահոգություններ է առաջացրել մասնագետների շրջանում:

«Այսօր եթե մեր քաղաքի ինչ-որ հատված, որը վերջերս է կառուցված, նկարվի եւ դա ցույց տրվի ինչ-որ մի տեղ` ասելով, որ դա Երեւանն է, ոչ մեկ չի ասի, որ սա Երեւանն է, այլ կասեն, որ դա միջին ռուսական, միջին եվրոպական մի քաղաքի հեռավոր թաղամաս է: Ճարտարապետությունը իջել է մինչեւ այդ աստիճանի», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով, կառուցապատման խտությունը քաղաքի կենտրոնում անթույլատրելի աստիճանի է հասել. - «Կան փողոցներ, որ ուղղակի ինսոլյացիոն [բնական լուսավորության] խնդիրները չեն լուծված, կան դպրոցներ, որոնց հենց կողքին` 2 մետրի վրա, մթնեցնելով լսարանները, կառուցվել են շենքեր: Անթույլատրելի բաներ են»:

«Վախ կա, որ այդպես էլ մենք չկարողանանք [Թամանյանի] գլխավոր հատակագիծը տեսնել իր ամբողջության մեջ», - նշեց Ճարտարապետների միության նախագահը` հավելելով, որ իրենց խորհուրդների եւ կարծիքների հետ քաղաքային իշխանությունները ոչ միշտ են հաշվի նստում. - «Երբեմն որեւիցե բարձրաստիճան անձի ասածը` շատ բարձրաստիճան, ավելի որոշիչ է լինում, քան քաղաքի շահերը: Իրենց թվում է, թե լավ են անում, բայց վերջում պարզվում է, որ այդպես չէ: Մի քիչ պետք է լսեն այն մասնագետներին, որոնք փորձ ունեն եւ ասում են, որ, օրինակ, վտանգավոր է ծանրաբեռնել կանաչ տարածքները բազմաթիվ սրճարաններով, կառույցներով: Չի' կարելի»:
Մկրտիչ Մինասյան. Երբեմն որեւիցե բարձրաստիճան անձի ասածը` շատ բարձրաստիճան, ավելի որոշիչ է լինում, քան քաղաքի շահերը


Քաղաքային իշխանությունները խոստացել են Երեւանի կենտրոն վարչական շրջանի մի հատվածում վերականգնել հին Երեւանը: Մինասյանը այս առնչությամբ ասաց. - «Մենք այսօր չունենք քաղաքի կենտրոնում այդ շերտը: Պլյուս դրան` մենք քաղաքի կենտրոնում վերջին տարիներին ստեղծեցինք մի անդեմ [ճարտարապետություն] … [Մինչդեռ] Թամանյանական դպրոցը արեց հնարավոր ամեն ինչը, որպեսզի քաղաքը ճանաչելի դառնա եւ իմացվի, որ սա Երեւանն է»:

Շենքերի հարկայնությունն ու կանաչ տարածքները չպահպանելու համար ափսոսանք է հայտնում նաեւ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Թամանյանը, ով ճարտարապետի շառավիղներից է: Նա եւս կարծում է, որ գործնականում հնարավոր չէ վերականգնել հին քաղաքը:

Ինչ վերաբերում է ճարտարապետական լուծումներին, մասնավորապես, նորակառույցներում հայկական ճարտարապետության տարրերի առկայությանը, ապա, ըստ Թամանյանի, որոշ նորակառույցներ կրում են այդ տարրերը, սակայն դա բնավ չի նշանակում, որ շինությունը հայկական ճարտարապետության օրինակ է:

«Այսօր ճարտարապետի համար այդ խնդիրը` ավանդականի ու արդիականի համադրումը, ավանդականի օգտագործումը, շատ երկրորդական է. նրանից տարածք են պահանջում ու հարկայնություն», - նշեց նա:

Հարցին, թե ինչի կարող է հանգեցնել այս ամենը, Ճարտարապետների միության նախագահը պատասխանեց. - «Մենք կկորցնենք ուղղակի այն քաղաքը, որը որ բոլորը գիտեն, որ սա Երեւանն է: Այսինքն` եւս մի քանի աղավաղում, եւս մի քանի անթույլատրելի դեպքեր, կամ ավելի շատ տարածքի օկուպացիաներ` եւ մենք իրոք կկորցնենք քաղաքը, որը շատ գեղեցիկ էր արված»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG