Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 28-ին Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա կանցկացնի ՎՏԲ բանկի դիմաց, որը, ըստ խմբի անդամների, պատրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. $ վարկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով: Մինչեւ օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ հիմնական գումարի տրամադրումն առ այսօր ձգձգվել է:

Չնայած Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի օրինականությունը վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում եւ ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում` ՎՏԲ-ն պատրաստակամություն է հայտնել ACP-ին հատկացնել նաեւ վարկի մնացած մասը, եթե հանքարդյունաբերական նախագիծը համապատասխանեցվի բանկի մշակած բնապահպանական չափորոշիչներին:

Այժմ Թեղուտի պաշտպանության խմբի անդամները ՎՏԲ բանկից պահանջում են «կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական եւ անօրինական ծրագրի ֆինանսավորումը, հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները եւ դրանք մշակողների անունները, վերջ տալ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, հարգել եւ ի կատար ածել հաշվետվության եւ թափանցիկության սկզբունքները»: Բնապահպան ակտիվիստները նաեւ պահանջում են հստակ պատասխան էկոլոգիական եւ իրավապաշտպան կազմակերպությունների նամակներին:

Թեղուտի պաշտպանության խմբի անդամները պնդում են, որ շարունակելու են անզիջում պայքարը: - «Մեր համբերության բաժակն արդեն լցվել է եւ հաջորդ քայլը քաղաքացիական անհնազանդությունն է», - ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG