Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դժգոհ է Սահակաշվիլիից


Միխեիլ Սահակաշվիլի
Միխեիլ Սահակաշվիլի

Եվրամիության խաղաղապահները եւս մեկ տարի կմնան Վրաստանում. արտգործնախարարների խորհրդում՝ երեկ ընդունված որոշման համաձայն, մասնավորապես, եվրոպացի ավելի քան 200 դիտորդները հակամարտության գոտիներից կհեռանան 2011 թվականի սեպտեմբերին, եթե մինչ այդ հավելյալ որոշում չկայացվի՝ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

«Չնայած պաշտոնական Թբիլիսիին գոհացնող այդ որոշմանը՝ եվրոպական ընտանիքում գնալով ավելի է մեծանում դժգոհությունը Վրաստանի իշխանություններից ու նախագահ Սահակաշվիլիի վարած քաղաքականությունից», - Բրյուսելից փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, վերլուծաբան Ահտո Լոբյակասը։

Լոբյակասի խոսքով, եվրոպացի դիվանագետները այլեւս չեն թաքցնում, որ կառույցը սկսում է զգուշանալ Վրաստանից. - «Պաշտոնական Թբիլիսիից՝ եվրոպացիների ակնկալիքների եւ առկա իրականության միջեւ ճեղքվածքը գնալով մեծանում է, այնպիսի տպավորություն է, ասես վրացական իշխանությունների ձեռնարկած մի շարք քայլեր հակասում են եվրամիության պահանջներին, ինչի արդյունքում գնալով մեծանում է այն երկրների թիվը, որոնք պահանջում են չընդառաջել նախագահ Սահակաշվիլիին կամ սահմանափակել այն արտոնությունները եւ պարտավորությունները, որ Եվրամիությունը ստանձնել է Վրաստանի նկատմամբ»։

Ընդ որում, փորձագետի խոսքով, այդօրինակ դժգոհություններ են արտահայտում նաեւ այն երկրները, որոնք ժամանակին սերտորեն աջակցում էին Վրաստանի իշխանություններին։

«Իմ տեղեկություններով, Եվրամիության դեսպանների հետ անցած շաբաթ կայացած հանդիպման ժամանակ կառույցի արտաքին գործերի գլխավոր հանձնակատար Քեթրին էշտոնը որոշակի դժգոհություն է հայտնել այս ամիս Վրաստան կատարած այցելությունից եւ պնդել, թե նախագահ Սահակաշվիլին իրատեսորեն չի վերաբերում ոչ Եվրամիության, ոչ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերություններին», - ասում է Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Նրա խոսքով, Եվրամիությանը չի գոհացնում Վրաստանի դիրքորոշումը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ. - «Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ պաշտոնական Թբիլիսին պետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնի անջատված շրջանների հետ: Եվ թերեւս այս հարցում Եվրամիությունը ուզում է, որ Վրաստանը մեղմի իր դիրքորոշումը նաեւ Ռուսաստանի հանդեպ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG