Մատչելիության հղումներ

Հուլիսի 27-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում պատգամավոր Արտակ Դավթյանը (ՀՀԿ) քննարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը. - «Հանրապետականը միշտ հարգանքով է վերաբերվել նախագահի ինստիտուտին, բայց տպավորություն է ստեղծվում, թե այդ մարդը այդպես էլ չհասկացավ, որ խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը նվաճում են: Եվ ինչն է հետաքրքիր. բոլոր հաջողությունները, որոնք առկա են, ղարաբաղյան հաղթանակները բացառապես վերագրվում են առաջին նախագահին, իսկ թերությունները, ակնհայտ սխալները, բացթողումները կապված կադրային քաղաքականության, տնտեսության, սոցիալական բնագավառի, ժողովրդավարական գործընթացների հետ, նրա հետ որեւէ առնչություն չունեն: Սա անընդունելի մոտեցում է»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ասի, որ, ենթադրենք, Երկրագունդը կլոր է, կամ` 2 անգամ 2-ը 4 է, ապա նրա ընդդիմախոսները իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներից հաստատ կհայտարարեն, որ այդ պնդումները ջուր են լցնում մեր հակառակորդի ջրաղացին, եւ ասելով, թե Երկրագունդը կլոր է, առաջին նախագահը իրականում նկատի ունի, որ Ղարաբաղը պետք է հանձնել Ադրբեջանին: Իրականում Տեր-Պետրոսյանին շատ ձեռնտու կլիներ խոստանալ, որ եթե նա իր թիմով գա իշխանության, ապա Հայաստանը կծաղկի, եւ մեր բնակչության մեծ մասը կստանա այնպիսի եկամուտներ, որոնք կապահովեն մարդկանց արժանապատիվ գոյությունը: Ինչո՞ւ է նա, ուրեմն, ասում` վիճակը չի բարելավվի` «անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»: Առաջին հերթին նա գիտնական է եւ մտավորական, որի համար ճշմարտությունն ասելը պատվի հարց է»:

Երեկ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը գրել էր, թե Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը «ակտիվ լոբբինգ է իրականացնում» առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ երկխոսություն սկսելու ուղղությամբ: Այս հարցն է փորձել պարզել «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը: Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը երեկ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Տեր-Պետրոսյան - Յովանովիչ շփումների ընթացքում շոշափվել է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր երկխոսության թեման: Հայտնի չէ նաեւ` արդյո՞ք նման թեմա լինելու է Տեր-Պետրոսյան - Յովանովիչ առաջիկա հանդիպումների օրակարգում:

ՀՀՇ-ի արդեն նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը զրուցել է «Հրապարակ»-ի թղթակցի հետ: Նա ասում է. - «ՀՀՇ-ն, որպես ընդդիմադիր, ժողովրդավարական, ազատական ուժ, իրավունք չունի ունենալ ոչ ժողովրդավարական պրոցեսներ իր ներքին հարաբերություններում: Ցավոք սրտի, ես այդ բանը չտեսա: Կուսակցությունը պետք է վերականգնի ներքին ժողովրդավարությունը եւ դառնա կարծիքների, գաղափարների բախման հարթակ: Կուսակցությունը պետք է ապահովի իր անդամների ու նրանց գաղափարների բաց մրցակցության դաշտը: Այդ բոլորը հիմա չկա, շատ ցավալի է: Եվ առանց այդ կարեւոր բաղադրիչները վերականգնելու ձգտել իշխանության, հավակնել լինել հասարակության լիդերը, անիմաստ է: Առանց այդ որակների էլ մյուս կուսակցությունները կան, էլի: Հիմա պայքարի ամենաեռուն շրջանը չէ, ու ոչ մի խոչընդոտ չկա ներքին ժողովրդավարությունը հաստատելու համար: Եվ պայքարը թեժացնելու առումով էլ են այդ փոփոխությունները պետք, ու դրական միտման պարագայում ընդդիմությունը ավելի կհզորանա` իր զինանոցում ունենալով ժողովրդավարության, այլակարծության, ազատ խոսքի օրինակը»:

«Իրատես de facto» թերթին տված հարցազրույցում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ասում է. - «Իրականում, փոխզիջում ասելով, մենք ու Ադրբեջանը բոլորովին տարբեր պատկերացումներ ունենք, նույնիսկ բանակցելու ցանկության պարագայում խորքային լուծումներ դեռ գոյություն չունեն: Այս պայմաններում կոնֆլիկտոլոգիայի տեսության մեջ գոյություն ունի զրոյական լուծումից խուսափելու ձեւ` սառեցում: Սառեցումը չի նշանակում դադար, ընդհակառակը` նշանակում է ինտեգրում, վստահության միջոցների ձեւավորում, տարածաշրջանային մեծ ծրագրերում համատեղ ընդգրկում: Բոլոր այս հարցերում մենք ունենք միանգամայն կառուցողական մոտեցում: Մինչդեռ ադրբեջանցիները ասում են` մեր հողը տվեք մեզ, բայց դա իրենց հողը չէ, եւ բոլորն են հասկանում, որ դա իրենց հողը չէ: Վերջին հաշվով` վաղուց կարող էին ասել` ձեր հողն է, գնացեք, վերցրեք, որը պատերազմ է նշանակում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG