Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանի որոշումը «իրավաբանական տեսանկյունից շատ մեծ նշանակություն չունի»


Հաագա, Հոլանդիա

Հաագա, Հոլանդիա

Միջազգային իրավունքի անկախ փորձագետ Վարդան Պողոսյանի կարծիքով, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախությունը օրինական ճանաչելու վերաբերյալ «զուտ իրավաբանական տեսանկունից շատ մեծ նշանակություն չունի»:

«Կոսովոյի խորհրդարանը ընդունել էր հայտարարություն Կոսովոյի անկախության վերաբերյալ, եւ Հաագայի դատարանը ընդամենը պետք է պատասխան տար այն հարցին, թե ինչքանով է այդ հայտարարությունը անկախության վերաբերյալ համապատասխանում միջազգային իրավունքին: Հարցադրումը հենց այդպիսին էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Պողոսյանը` շարունակելով. - «Հարցադրումը չէր վերաբերում այն բանին, թե տվյալ դեպքում արդյո՞ք Կոսովոյի ալբանական ժողովուրդը իրավունք ունի ինքնորոշվելու, թե՞ ոչ, եթե նման ինքնորոշման իրավունք ունի, ապա ինչ ձեւով դա պետք է իրականացնի: Դատարանը իր որոշման մեջ չի անդրադարձել նաեւ այդ հայտարարության իրավական հետեւանքներին: Դատարանը իր որոշման մեջ չի անդրադարձել այն հարցին, թե ինչքանով են օրինական այն պետությունների քայլերը, որոնք միակողմանիորեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը»:

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում դատարանի որոշումը «աննախադեպ» գնահատվեց` միաժամանակ հնչեցին կարծիքներ, որ Հաագայի դատարանի վճիռը կարող է նախադեպ դառնալ այլ հակամարտությունների համար: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, մինչդեռ, երեկ հայտարարել է, թե որոշումը չի կարող նախադեպ ծառայել:

Վարդան Պողոսյանը այս առնչությամբ շեշտեց, որ հարկավոր է հստակ տարանջատել միջազգային իրավունքը եւ քաղաքականությունը. - «Ձեր վկայակոչած բոլոր հայտարարությունները միայն քաղաքական հայտարարություններ են, եւ բավականին հեռու առնչություն ունեն միջազգային իրավունքի հետ: Հաագայի դատարանը ընդամենը փաստել է մի շատ պարզ, ինքնըստինքյան հասկանալի եւ վաղուց միջազգային իրավունքում գոյություն ունեցող սկզբունք, ըստ որի ազգերը իրավունք ունեն որոշակի պայմաններում ինքնորոշվելու եւ, այդ որոշակի պայմանների դեպքում` նաեւ ընդունելու մի այնպիսի հայտարարություն, ինչպիսին ընդունել էր Կոսովոյի խորհրդարանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG