Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանի որոշումը «նախադեպ չի ստեղծում»


Միացյալ Նահանգների փոխպետքրատուղար Ֆիլիպ Գորդոն

Միացյալ Նահանգների փոխպետքրատուղար Ֆիլիպ Գորդոն

«Պաշտոնական Վաշինգտոնը շատ գոհ է Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից. այն համահունչ էր Միացյալ Նահանգների՝ վաղուց արդեն հայտնի դիրքորոշմանը առ այն, որ Կոսովոյի անկախացումը համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին», - նախօրեին Վաշինգտոնում կայացած ասուլիսում հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքրատուղար Ֆիլիպ Գորդոնը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան միաժամանակ ընդգծել է. - «Դատարանի ընդունած որոշումը սերտորեն կապված էր Կոսովոյի առանձնահատուկ հանգամանքների հետ. այն Կոսովոյի մասին էր, եւ ոչ այլ տարածաշրջանների կամ պետությունների, եւ նախադեպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետությունների համար»։

Լրագրողներից մեկը փաստել է, որ դատարանի վճռից հետո Սերբիան կոչ է անում փոխզիջման գնալ՝ հակամարտության տեւական քաղաքական լուծումը գտնելու համար։

«Ո՞րը կարող է լինել հնարավոր փոխզիջման ուրվագիծը», - հարցին փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը պատասխանել է. - «Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշումն ու, կարծում ենք, նաեւ Միջազգային դատարանի որոշումը փաստում են, որ Կոսովոյի անկախությունը իրողություն է, որը չի վիճարկվում։ Կոսովոն ինքնավար, անկախ երկիր է։ Միացյալ Նահանգների համոզմամբ, սա պետք է դառնա մեկնակետ՝ ցանկացած տիպի քննարկման համար»։

Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները սերտորեն աջակցում եւ անհրաժեշտ է համարում Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հետագա կառուցողական երկխոսությունը՝ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը ասել է. - «Այդ երկխոսությունը, սակայն, չպետք է ծավալվի Կոսովոյի կարգավիճակի շուրջ։ Միացյալ Նահանգների համոզմամբ, այդ հարցն այլեւս լուծված է»։

«Ինչպես պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր ընդգծել իր հայտարարության մեջ, Միացյալ Նահանգների համոզմամբ, այժմ առաջ շարժվելու ժամանակն է։ Մենք կուզենայինք տեսնել, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում Կոսովոն եւ Սերբիան միասնաբար առաջընթաց քայլեր են ձեռնարկում՝ Բալկաններում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու համար», - հայտարարել է փոխպետքարտուղարը եւ մանրամասնել. - «Բազմաթիվ հարցեր կան հարեւանների միջեւ, որոնք պետք է կարգավորվեն, եւ նրանց ուշադրությունը պետք է կենտրոնանա Սերբիայում եւ Կոսովոյում ապրող մարդկանց կյանքը բարելավելու հնարավորությունների վրա։ Մեր համոզմամբ, երկու երկրների կառավարությունները կարող են կառուցողական երկխոսություն ծավալել այն հարցերի շուրջ, որոնք կարող են երկուսի համար էլ Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհ հարթել»։

Ասուլիսում բարձրաստիճան դիվանագետը նաեւ փաստել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աշխատանքը Կոսովոյի անկախացման գործընթացին աջակցելու համար։

«Մի շարք երկրների խնդրել էին, նաեւ Սերբիան էր խնդրել, սպասել Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Այժմ, երբ այդ որոշումը կա, կարծում ենք, որ Պրիշտինայի անկախությունը ճանաչող պետությունների թիվը կավելանա, եւ մենք կկարողանանք անցյալում թողնել այս հարցի քննարկումը», - հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG