Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժեց 7000 սպառողների դիմումը


Հայաստան -- Վարչական դատարանի 5 դատավորները գրեթե դատարկ դահլիճում ընթերցում են գազի սակագների գործով վճիռը, Երեւան, 26-ը հուլիսի, 2010թ.

Հայաստան -- Վարչական դատարանի 5 դատավորները գրեթե դատարկ դահլիճում ընթերցում են գազի սակագների գործով վճիռը, Երեւան, 26-ը հուլիսի, 2010թ.

Հայաստանի Վարչական դատարանն այսօր մերժեց ավելի քան 7000 սպառողների դիմումը` գազի սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին:

Սպառողները դատարան էին դիմել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ: Հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու է վճռաբեկության կարգով, թեեւ հույս չունի թե Վճռաբեկ դատարանը կվերանայի այսօրվա որոշման օրինականությունը։

«Ուղղակի ընթացակարգ է` պետք է անցնենք հետագայում Եվրոպական դատարան դիմելու համար», - պարզաբանեց փաստաբանը։

Դատարանի որոշման հրապարակմանը ներկա չէին ոչ սպառողները, ոչ այս գործով պատասխանող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը, ոչ էլ երրորդ անձ հանդիսացող «ՀայՌուսգազարդ»-ը:

Վարչական դատարանը գազի սակագների բարձրացման վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու դիմումը քննել էր գրավոր ընթացակարգով, ինչը հարուցել էր հայցվոր կողմի դժգոհությունը։

Փաստաբան Վահե Հովսեփյանի համոզմամբ, «կային հանգամանքներ, որոնք կարող էին պարզվել միայն գործի բանավոր ընթացակարգով քննության դեպքում»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, ապրիլի 1-ից բնակչությանը մատակարարվող 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվեց 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն։ Գազի գնի բարձրացման պահանջ ներկայացրել էր Հայաստանում միակ գազ մատակարարող ընկերությունը՝ «ՀայՌուսգազարդ»-ը, հիմնավորելով, որ Ռուսաստանից ներկրվող գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից բարձրացել է՝ հասնելով 180 դոլարի։

Արձագանքելով սակագնի շուրջ 37 տոկոս աճին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, ավելի քան 7200 քաղաքացիներ ապրիլի 6-ին հայց էին ներկայացրել Վարչական դատարան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով։
XS
SM
MD
LG