Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանի կարծիքով, Հաագայի դատարանի որոշումը քաղաքական նոր իրավիճակ է ստեղծում


Բակո Սահակյան
Բակո Սահակյան

«Եթե Կոսովոյի անկախության ճանաչումը Հաագայի դատարանի կողմից նպաստի ԼՂՀ–ի միջազգային ճանաչմանը, ապա մենք միայն կողջունենք այդ որոշումը», - ուրբաթ երեկոյան հանդիպելով լրագրողների հետ՝ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը Հաագայի դատարանի որոշումը գնահատեց որպես «կարեւոր իրադարձություն», որը, ըստ նրա, քաղաքական նոր իրավիճակ է ստեղծում:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որը պիտի լինի ԼՂ-ի կողմից փոխզիջումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում՝ նախագահ Բակո Սահակյանը արձագանքեց, որ այդ հարցին կպատասխանի բանակցություններին լիիրավ մասնակցելու դեպքում։

«Հարցը պիտի կարգավորվի փոխզիջմամբ, եւ այդ մասին խոսվում է այս տարիների ընթացքում։ Ուղղակի տարբեր են այդ փոխզիջման մոտեցումները: Հայկական կողմը այդ փոխզիջումները պատկերացնում է այլ կերպ, ադրբեջանական կողմը ` այլ կերպ», - ասաց Բակո Սահակյանը՝ ընդգծելով. - «Մենք ԼՂՀ–ի վերջնական կարգավիճակը չենք դիտում նախկին ԼՂԻՄ տարածքների շրջանակներում: Մնացածը մենք կներկայացնենք բանակցություններին մասնակցելու դեպքում»:

Նախագահ Սահակյանը հավաստիացրեց, որ Ղարաբաղի դիրքորոշումն այս տարիների ընթացքում չի փոխվել. - «Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն կարող լինել»:

Լեռնային Ղարաբաղը ողջունում է Հայաստանի իրականացրած քաղաքականությունը


«Հայաստանի նախագահը չի իրականացնում ծայրահեղ քաղաքականություն, որը ողջունվում է ինչպես մեր, այնպես էլ` միջազգային հանրության կողմից», - նշեց Բակո Սահակյանը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից վարվող քաղաքականությանը, եւ հավելեց, որ Հայաստանի «ակնհայտորեն կառուցողական» քաղաքականությանն ի պատասխան՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում ձախողելու բանակցային գործընթացը:

«Ես հնարավորություն եմ ունեցել Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ–ի գործող նախագահին ասելու, որ Ադրբեջանը իրականացնում է ժամանակակից ահաբեկչություն, եւ եթե միջազգային կազմակերպությունները համարժեք քայլերի չդիմեն, ե՛ւ մենք, ե՛ւ միջազգային հանրությունը հայտնվելու ենք ավելի ծանր վիճակում, քան հիմա կա», - ընդգծեց Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Բակո Սահակյանը նաեւ հերթական անգամ շեշտեց, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը չի կարողանում այսօր ավելի մեծ արդյունքներ արձանագրել հենց այն պատճառով, որ բանակցություններին Ղարաբաղը չի մասնակցում:



Ճանաչման հարցը՝ շահարկումների թեմա


Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման մասին Բակո Սահակյանն ասաց, որ այդ ճանաչումը ինքնանպատակ չպետք է լինի, սակայն այդ հարցը արդեն շահարկման թեմա է դարձել։

«Վերջին հաշվով Հայաստանը այսօր պատասխանատվություն է կրում միջազգային հանրության առջեւ եւ չի կարելի Հայաստանին, հայաստանյան քաղաքական գործիչներին մեղադրել, թե ինչու չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը», – ասաց Սահակյանը։ - «Մենք դժգոհություններ չենք հայտնել այդ առումով ՀՀ քաղաքական ղեկավարությանը: Մենք գտնում ենք, որ վաղ թե ուշ մոտենալու ենք Հայաստանի կողմից ճանաչման գործընթացին», - վստահեցրեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

Ի դեպ, իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում սա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի առաջին մամլո ասուլիսն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG