Մատչելիության հղումներ

Այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում որպես երեւանյան պրեմիերա ցուցադրվեց կինոսերներից շատերին արդեն ծանոթ Ալեն եւ Ալբերտ Հյուզ եղբայրների «Իլայի գիրքը» ֆիլմը: Ալեն Հյուզը սեփական նախաձեռնությամբ եկավ Հայաստան՝ հպարտանալով, որ իր ընտանիքից առաջինն է, որ այցելում է երկիրը: Լոս Անջելեսում մեծացած սեւամորթ հոլիվուդյան ռեժիսորի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ պատահական չէ. Ալեն Հյուզի մայրը, ով միայնակ մեծացրել է երկու որդիներին, հայուհի է:

«Երբ հայերը հայտնի են դառնում, նրանք երբեք չեն ամաչում ասել, որ հայ են», - ասում է Ալեն Հյուզը: Երեւանում նա անկեղծ ու անկաշկանդ հանդիպում ունեցավ «Մանանա» կրթամշակութային կենտրոնում սովորող պատանիների հետ:

Ալենի մայրը շատ երիտասարդ տարիքում Իրանից տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, որտեղ միայնակ, առանց ընտանիքի կամ այլ հայերի, արագ ինտեգրվել է ամերիկյան հասարակության մեջ, հարմարվել մշակույթին: Ալեն Հյուզը պատմում է, որ թերեւս այդ պատճառով էլ մայրը ամուսնացել է սեւամորթ տղամարդու հետ, քանի որ մոր պարսկահայ պահպանողական ընտանիքը միանշանակ դեմ կլիներ:

«Ամերիկայում կարծում են, որ սպիտակ լինել նշանակում է, ունենալ ուղիղ, բաց գույնի մազեր, բայց սպիտակները Նահանգներում ձանձրալի են, իսկ հայերը այդպիսին չեն, հայերը հոգի ունեն, ինչը տրված չէ բազմաթիվ սպիտակ մարդկանց», - նշեց Ալենը:

Ալենի եւ Ալբերտի ծնունդից որոշ ժամանակ անց նրանց ծնողները բաժանվում են: «Տանը ինձ դաստիարակում էր հայ մայրս, իսկ տանից դուրս` սեւամորթ տղաները», - ասում է Ալեն Հյուզը ու պատմում, որ ստեղծագործելու իր շնորհի համար պարտական է հենց մորը, ով, Ալենի խոսքերով, դեռ վաղ մանկությունից փորձել է տղաների մեջ զարգացնել իրենց ունեցած ցանկացած հետաքրքրություն արվեստի հանդեպ:

Ալեն եւ Ալբերտ Հյուզերի՝ 2010 թվականին էկրանավորված «Իլայի գիրքը» ֆիլմը ետաշխարհկործան, ապոկալիպսիսից հետո մնացած աշխարհի մասին է, գլխավոր հերոսը, ում մարմնավորել է հանրահայտ դերասան Դենզել Վաշինգթոնը, ուսապարկում պահում է աշխարհի վերջին Աստվածաշունչը, որի կարիքը վայրենացած մոլորակի որոշ բնակիչներ դեռեւս զգում են:

«Այդ սցենարի հարցում շատ հեշտ էր, որովհետեւ ես նախ սիրում եմ ապոկալիպսիսի թեման, բացի այդ, ինձ շատ դուր եկավ միտքը, որ աշխարհում մնացել է վերջին Աստվածաշունչը, հետաքրքիր էր ֆիլմ նկարել տեքստի ուժի եւ հոգեւոր ժառանգության մասին, որը կարող է օգտագործվել մարդկանց ճնշելու, բայց նաեւ լուսավորելու համար»:

XS
SM
MD
LG