Մատչելիության հղումներ

Դրագան Շտավլյանին. «Դատարանի այս որոշումը կքաջալերի ինքնորոշվելու մղումներ ունեցող մյուս երկրներին»


Նիդեռլանդներ -- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նիստը, Հաագա, 22-ը հուլիսի, 2010թ.

Նիդեռլանդներ -- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նիստը, Հաագա, 22-ը հուլիսի, 2010թ.

«Կոսովոյի անկախացումը չի հակասում միջազգային օրենսդրությանը», - երեկ եզրակացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը:

«Դատարանի այս որոշումը կքաջալերի ինքնորոշվելու մղումներ ունեցող մյուս երկրներին», - կարծում է «Ազատություն» ռադիոկայանի հարավ-սլավոնական ծառայության մեկնաբան Դրագան Շտավլյանինը: - «Ես կարող եմ եզրակացնել նրանց արձագանքներից, որ նրանք կասեն՝ եթե Կոսովոյի դեպքում եղավ նման ճանաչում, ինչո՞ւ մեր դեպքում չլինի»:

«Առաջիկայում այն կքաջալերի հայերին՝ Լեռնային Ղարաբաղում, աբխազներին՝ Աբխազիայում, օսերին՝ Օսիայում», - ասում է Դրագան Շտավլյանինը՝ համոզմունք հայտնելով, որ այս որոշումը մյուսների վրա կունենա իր հեռուն գնացող ազդեցություններ։

«Ազատություն» ռադիոկայանի հարավ-սլավոնական ծառայության մեկնաբան Դրագան Շտավլյանին
Վերլուծաբանը, սակայն, չի կարծում, թե մոտ ապագայում՝ առաջիկա 5 տարիներին, հայերը կունենան բավարար միջազգային քաղաքական աջակցություն նմանօրինակ արդյունքների հասնելու համար։

Ինչ վերաբերում է Կոսովոյին, մեկնաբանի գնահատմամբ, այս որոշումը հիմք կդառնա, որպեսզի նորանոր պետություններ ճանաչեն նրա անկախությունը, չնայած, ըստ նրա, դժվար է պատկերացնել, որ օրինակ Ռուսաստանը կամ Չինաստանը, որոնք նույնպես ունեն անջատողականության խնդիր, անեն նման քայլ:

Անկախության հռչակումից 2,5 տարի անց Կոսովոյի պետականությունը 69 երկիր է ճանաչել, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիության անդամ հանդիսացող 22-ից ավելի երկիր:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի արձակած վճիռը պարտադիր կատարման ենթակա չէ, այն ընդամենը խորհրդատվական բնույթ է կրում, սակայն շատերի կարծիքով՝ այն պատմական կդառնա:
XS
SM
MD
LG