Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մեթյու Բրայզան երեկ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում պնդել է, որ չունի ադրբեջանանպաստ դիրքորոշում։

Երեկ Բրայզային բազմաթիվ հարցեր են ուղղել սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Ջանի Շահինը եւ Բարբարա Բոքսերը։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահը հավաստիացրել է, որ դեսպան նշանակվելու դեպքում ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի խնդրի արդար կարգավորման համար։ Կարգավորման հիմքում, նրա խոսքով, պետք է դրվեն երեք հայտնի սկզբունքները` տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը։

«Եթե հաստատվեմ դեսպանի պաշտոնում` ամեն կերպ կնպաստեմ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում ինձ փոխարինած Ռոբերտ Բրադկեին ղարաբաղյան կարգավորման հարցում»,- ասել է դիվանագետը։

Թուրքիա -- ԵԱՀԿ-ի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ վերլուծաբան Զեյնո Բարանի հարսանիքը, Ստամբուլ, 23-ը օգոստոսի, 2007թ.
Բրայզայի կինը` ծագումով թուրք Զեյնո Բարանը, ով աշխատում է Հադզոնի վերլուծական հաստատությունում, զբաղվում է տարածաշրջանի խնդիրներով եւ, ըստ որոշ հրապարակումների, ունի թուրքամետ եւ ադրբեջանամետ դիրքորոշում։ Մեթյու Բրայզան երեկ ասել է, որ դեսպան նշանակվելու դեպքում ինքը պահպանելու է էթիկայի կանոնները, եւ շահերի բախում չի լինի:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տեսակետից, այդ հավաստիացումները համոզիչ չեն։

«Տեսնում ենք, որ 10 տարի շարունակ իր տիկինը՝ Զեյնո Բարանը, Ադրբեջանի հարցերով աշխատել է ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի նախագահի հետ՝ տարբեր միջոցառումներ կազմակերպելով այստեղ, Վաշինգտոնում։ Այսքան տարիներ հետո տեսնում ենք պարոն Բրայզայի խոստումը, որ եթե ինքը նշանակվի որպես ԱՄՆ-ի դեսպան, իր տիկինը այլեւս չի կատարի այդ տեսակի լոբբիստական աշխատանքներ։ Այս խոստումը 10 տարով ուշացած է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սենատորները քննարկեն պարոն Բրայզայի պատասխանները, իր անունը պետք է դրվի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաջորդ լիագումար նիստին, եւ եթե այնտեղ քվեարկվի եւ իր թեկնածությանը համաձայնեն, նրա թեկնածությունը դրվի Սենատի քվեարկությանը», - մանրամասնեց Չուլջյանը։
XS
SM
MD
LG