Մատչելիության հղումներ

Հուլիսի 23-ի մամուլ


Մամուլում չեն դադարում քննարկումները Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի շուրջ:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հարց է առաջանում. որքանո՞վ է ժողովրդականություն վայելում Տեր-Պետրոսյանի նման կարգախոսը՝ նրա համախոհների եւ ընդհանրապես ընդդիմության ճամբարում։ Կարծում ենք, որ բացի հնաոճ ՀՀՇ-ականներից ուրիշ ոչ մեկին հնարավոր չէ համոզել, որ պարտվողական կեցվածքի դիմաց ձեռք բերվելիք բաց սահմանները կարող են նպաստել կոտրված ու բարոյալքված ազգի առաջադիմությանը։ Ավելին՝ կոտրվելու եւ անձնատուր լինելու պարագայում երկրից արտագաղթի ծավալները շատ ավելի մեծ չափերի կհասնեն։ Ուրեմն Տեր-Պետրոսյանի նման կարգախոսը առաջին հերթին ուղղված է այն արտաքին ուժերին, որոնք չեն կարող «ըստ արժանվույն» չգնահատել նախկին նախագահի զիջողականությունը»։

«Կապիտալ»-ի հետ զրուցել է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: Նա ասում է. - «Հայաստանը, եթե լիներ Ադրբեջանի տեղը, պիտի հայտարարեր, որ պատրաստ է զիջե՞լ Ղարաբաղը։ Առաջին հանրապետության անկումից անցել է իննսուն տարի, բայց որոշ մարդիկ, առանձին կուսակցություններ դեռ խոսում են Վիլսոնի իրավարար վճռի, Սեւրի պայմանագրի ու նման արխայիկ բաների մասին։ Ասածս այն է, որ Ադրբեջանը պետք է հայտարարի, իսկ մենք պետք է չվախենանք նման հայտարարություններից եւ մեր գործողությունները չպայմանավորենք նրանց նպատակահարմարությամբ։ Եթե բանակցությունները լինեն առարկայական, հայտարարությունների (շատ հաճախ՝ քարոզչական բնույթի) արժեքը կնվազի։ Առարկայական բանակցությունների դեպքում կնվազի նաեւ պատերազմական հռետորաբանությունը։ Իսկ հիմա, իմ տպավորությամբ, կողմերը երբեմն ուրախանում են, երբ իրենցից մեկը հարցը ձգձգում է։ Եթե հետեւում եք տեղեկատվական հոսքին, նկատած կլինեք, թե յուրաքանչյուր կողմ ինչ հաճույքով է մեկնաբանում դիմացինի պաուզաները։ Ադրբեջանցիները հաճույքով խոսում են Մադրիդյան նորացված սկզբունքներին Հայաստանի չտված պատասխանի մասին, իսկ մերոնք՝ օրինակ՝ սանկտպետերբուրգյան առաջարկների, որի մասին լռում է Ադրբեջանը»։

«Առավոտ»-ի թղթակիցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին հարցնում է. - «ՀԱԿ-ին համարո՞ւմ միակ ընդդիմադիր ուժ»: Մանուչարյանը պատասխանում է. - «ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը, իհարկե, երկրի առաջատար ընդդիմադիր ուժն են եւ իհարկե` ոչ միակը: Լինելով առաջատար քաղաքական ուժ` թե' Կոնգրեսը, թե' նրա լիդերի գործունեւությունը ենթակա են մանրակրկիտ վերլուծության, անխնա քննադատության` բացթողումների դեպքում: Բայց այս դեպքում, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, կա մի կարեւորագույն առանձնահատկություն. Կոնգրեսը եւ նրա լիդերը ունեն մեկ այլ կարգավիճակ եւս` քաղաքական համակարգից դուրս եւ շատ ավելի տարողունակ: Պատմության ընթացիկ փուլում Կոնգրեսը կազմում է հայկական դիմադրության ողնաշարը, իսկ առաջնորդը` այդ ողնաշարն ամբողջականացնող առաջնային գործոնը: Դա մեր ժողովրդի ունակությունն է` դիմակայելու իր համար խորթ, իր կարեւորագույն կենսական հանգամանքները խաթարող գործառույթներին թե' երկրի ներսում, թե' նրա սահմաններից դուրս»:

«Իրատես de facto»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ասում է. - «Ինքս ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանում տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Կարծում եմ` ժողովուրդն այլեւս ժամանակ չունի սպասելու հերթական ընտրություններին, առավել եւս, որ խորհրդարանական ընտրություններից հասարակությունը ոչ մի սպասելիք չի կարող ունենալ, որովհետեւ համարում է, որ դա անհատի, կուսակցության, սեփական շահը սպասարկող ընտրություն է: Ժողովուրդը մի ընտրությունից ունի սպասելիք` նախագահականից, որովհետեւ այդ ընտրությամբ է հնարավոր կյանքը փոխել: Արտահերթ ընտրությունները հասարակությանը ոչ միայն վստահություն, այլեւ ոգեւորություն կբերեն: Դա լինելու է բացարձակ այլ իրավիճակ: Արտահերթ ընտրություններն ապահովելու են ընտրությունների արդարությունը, թափանցիկությունը, իսկ երկրում ազնիվ, մաքուր, փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծվելու առնվազն մեկից երեք տարիների համար»:

«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության երկու հայց էր ներկայացվել` պետության կարիքների համար օտարված հողամասերի եւ սեփականության դեմ վիճարկող դիմումատուների կողմից. Պապյանն ու Դավթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ` Հովհաննիսյանն ու Գեւորգյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով: Երկու գործերով էլ դատարանը մերժել է ներկայացված հայցերը: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը: Երկու գործով էլ կառավարությունն առարկություններ ներկայացրեց, քանի որ հայցվորները չէին սպառել ներպետական պաշտպանության բոլոր միջոցները»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG