Մատչելիության հղումներ

Համբուրգի «խաղաղության ճամբարը» հակամարտ երկրների երիտասարդներին կոչ է անում խաղաղության բանբեր դառնալ


«Բառեր զենքի փոխարեն, ներդաշնակություն պայքարի փոխարեն», - այս կարգախոսներով Եվրոպայի Խորհրդի հովանավորությամբ երիտասարդական հավաք է անցակացվում Համբուրգում, Գերմանիայում։

Ամենամյա այս հավաքներին մասնակցում են աշխարհի հակամարտ երկրներից 18-ից 25 տարեկան երիտասարդներ։ Այս տարի 60 երիտասարդներ են ժամանել Գերմանիայի միջազգային երիտասարդական ճամբար։

Հավաքի կազմակերպիչներից Մայքլ Ռաֆայելը գերմանական DPA գործակալությանն ասել է, թե 7-օրյա այս հանդիպումների նպատակն է երկխոսություն ստեղծել երիտասարդների միջեւ, քանի որ սուր հակասությունների դեպքում նրանք ոչ մի հնարավորություն չունեն երկխոսության համար։

Այս ճամբարում իսրայելցի երիտասարդները հանդիպում են պաղեստինցի հասակակիցների հետ, սերբերը՝ Կոսովոյի ալբանացիների հետ, հայերը՝ ադրբեջացիների։

«Պատերազմն իմ ամեն օրվա առօրյան է»,- DPA լրատվական գործակալությանը ասել է Մյանա Հաննա Վադի Իմսեն։ Նա ապրում է Ռամալայում, պաղեստինյան Գազայի հատվածում։

20-ամյա ուսանող աղջիկն ասել է, թե քիչ բան գիտի «պատերազմի մյուս կողմի մարդկանց մասին»։ «Ես միայն քարոզչություն եւ կարգախոսներ եմ լսում»,- ասել է պաղեստինցի Հաննան։

Թել-Ավիվից իսրայելցի 24-ամյա ուսանող Իմրի Կալմանը երիտասարդների միջազգային ճամբարում շատ է զրուցում պաղեստինցի երիտասարդների հետ։

«Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք սովորեք հասկանալ ձեր թշնամուն»,- ասել է իսրայելցի երիտասարդը։
Ադրբեջանցի 21-ամյա Ռաուլ Գյուլմամադովի խոսքերով. - «Երբ երեկոյան ճամբարի խարույկի մոտ երկու մարդ միասին նստում եւ ծիծաղում են, մյուս օրը նրանք չեն կարող կրակել միմյանց վրա»։

Այս ճամբարում ձեւավորված գործընկերությունը չի խզվում հավաքի ավարտի հետ։ Հավաքի մասնակիցները մասնակցում են քննարկումների, դասախոսություններ լսում եւ պատրաստվում են, վերադառնալով իրենց երկրները, աշխատել խաղաղության համար։

Ճամբարի մասնակիցները մտադրություն ունեն խաղաղության, հանդուրժողականության արշավն ու քննարկումները շարունակել նաեւ ինտերնետում։

DPA գործակալությունը օրինակ է բերում Լեռնային Ղարաբաղից 24-ամյա Ալեքսանդրին։ Այս երիտասարդը ցանկանում է, որ միջազգային հանրությունը ավելի մեծ ուշադրություն դարձնի իր երկրին։

«Դրսում մեր հակամարտության հանդեպ համարյա ուշադրություն չկա, այդ պատճառով որեւէ տեղից օգնության հույս մենք չենք կարող ունենալ»,- ասել է երիտասարդ ղարաբաղցին։

Միջազգային այս հավաքից հետո նա ցանկանում է խաղաղության արշավ տանել եւ պլանավորում է տեղեկատվություն տեղադրել ինտերնետում։

Ճամբարի մասնակիցները չեն կարծում, թե իրենց ջանքերը արագ արդյունքներ կունենան, բայց հավաքի կազմակերպիչներից Մայքլ Ռաֆայելն ասում է, որ երիտասարդները շատ լուրջ են տրամադրված։

«Պատերազմելը շատ հեշտ է»,- ասել է իսրայելցի ուսանող Կալմանը,- «շատ ավելի դժվար է գնալ խաղաղություն ապահովելու ու պահելու ճանապարհով։ Որեւէ մեկը պետք է կատարի ապագա խաղաղության առաջին քայլը։ Երիտասարդ մարդիկ ունեն դրան հավատալու խիզախությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG