Մատչելիության հղումներ

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաներ Հասմիկ Սինանյանի եւ Դիանա Ամիրխանյանի փաստաբաններն ի սկզբանե դեմ էին, որպեսզի անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվող նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի դեմ հարուցված գործը քննվի արագ դատաքննության կարգով, եւ դատարանի վճռով սահմանված 2 տարի ազատազրկումը համարեցին մեղմ պատժամիջոց: Այդ մասին վերաքննիչ դատարան ներկայացված բողոքն ընդունվել էր վարույթ: Սակայն հուլիսի 21-ին` դատական առաջին նիստի սկսվելուց անմիջապես հետո, դատավորն ընթերցել է Դիանա Ամիրխանյանի եւ նրա մոր դիմումը, որ իրենք հրաժարվում են ներկայացված վերաքննիչ բողոքից:

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների փատաբաններից Տիգրան Հայրապետյանը նշեց, որ իր համար զարմանալի տարօրինակ է «դատարանի հարձակվողական եւ մեղադրական դիրքորոշումը»: - «Փորձում էին մտնել փաստաբան-վստահորդ հարաբերությունների մեջ եւ պարզել, թե ինչպիսի պայմաններում են Դիանա Ամիրխանյանը եւ նրա մայրը հրաժարվել իրենց բողոքից»:

Դատարանում Դիանա Ամիրխանյանի փատաբան Ավագ Լալայանը փորձել է դատարանին ներկայացնել, որ իր ունեցած տվյալներով` Դիանա Ամիրխանյանն ու իր մայրը վերաքննիչ բողոքը ետ վերցնելու մասին դիմումը գրել են այն բանից հետո, երբ նրանց կանչել են ոստիկանություն: Տիգրան Հայրապետյանի պնդմամբ` դատարանը չի լսել փաստաբանին եւ թույլ չի տվել շարունակել խոսքը:

Օրեր առաջ Դիանա Ամիրխանյանը զանգահարել էր ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին ու պատմել, որ իրեն ու իր մորը կանչել են ոստիկանության բաժանմունք:

Տուժածներից ո’չ Հասմիկի եւ ո’չ էլ Դիանայի հետ նրանց փաստաբանները չեն կարողացել կապ հաստատել: Նրանք այցելել են այն գյուղ, որտեղ ապրում է Հասմիկը, սակայն հարազատներն ասել են, որ տեղեկություն չունեն, թե որտեղ է նա:

Իսկ Հասմիկ Սինանյանի վերաքննիչ բողոքը դեռ պետք է քննվի: Ի դեպ, Տիգրան Հայրապետյանի խոսքով` հաջորդ նիստի ժամանակ միջնորդություն են ներկայացնելու, որ դատարանը գտնի Դիանա Ամիրխանյանին եւ հրավիրի դատական նիստին, որպեսզի վերջինս ինքն ասի, թե արդյոք կամովի է գրել վերաքննիչ բողոքը վերցնելու դիմումը: Հաջորդ նիստի ժամկետը դեռ պարզ չէ:

XS
SM
MD
LG