Մատչելիության հղումներ

Միջնորդ երկրների ղեկավարների հայտարարությունը մեծ արձագանք է գտել Ադրբեջանից բռնագաղթվածների շրջանում


Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը (աջից) եւ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: 22-ը հուլիսի, 2010թ.
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը (աջից) եւ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: 22-ը հուլիսի, 2010թ.

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարների հունիսի 26-ի հայտարարությունը լայն արձագանքի է արժանացել Ադրբեջանից բռնագաղթված հայերի շրջանում:

Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարության մեջ «նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու փախստականների իրավունքի» հիշատակմանը, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, արձագանքում են տասնյակ հազարավոր փախստականներ:

«Նշված հայտարարությունը բավականին հետաքրքրություն է առաջացրել Ադրբեջանից բռնագաղթված փախստականների շրջանում: Նրանցից շատերը դիմում են տարբեր մարմինների, այդ թվում` նաեւ Միգրացիոն պետական ծառայությանը, որպեսզի տեղյակ լինեն, թե երբ, ինչպես, ինչպիսի մեխանիզմներով է կյանքի կոչվելու այդ վերադարձը, քանի որ նրանք ցանկություն ունեն վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը», - հավելեց Եգանյանը:

Նրա տվյալներով, Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվածների թիվը շուրջ 408 հազար է. - «[Նրանցից] 18 հազարը Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանից են, 14 հազարը` Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանից, եւ եւս 16 հազարը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի բռնազավթված հայկական բնակավայրերի բնակիչներն են: Նշված հայտարարությունը առավել մեծ արձագանք է առաջացրել հենց այս երեք խումբ փախստականների շրջանում, որոնք օր առաջ են ցանկանում մեկնել եւ բնակվել իրենց նախկին բնակության վայրերում»:

Ասուլիսին ներկա էր նաեւ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

«Ուզում ենք դիմել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին հետեւյալ հարցով` իսկ ե՞րբ ենք մենք իրավունք եւ հնարավորություն ունենալու վերադառնալ մեր տները: Եվ մենք նաեւ ուզում ենք կոչ անել Ադրբեջանի նախագահին, որ ինքը զբաղվի նրանով, որ վերականգնի մեր օրինական շահերը եւ իրավունքները», - հայտարարեց Այվազյանը:

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Բաքու եւ ադրբեջանական մյուս բնակավայրեր վերադառնալու վերաբերյալ հարցումներին հիմնականում բացասական պատասխան է տվել 35 հազար մարդ:

«Բաքվից բռնագաղթվածներից գրեթե բոլորը նշում են, որ չեն վերադառնա նախկին բնակության վայրերը, իսկ «կվերադառնամ» նշում են միայն շահումյանցիները», - ասաց Ասատրյանը:

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանքով ընդունեց Գագիկ Եգանյանի հայտարարությունները:

«Այլ հարց է, որ Հայաստանը ինչպես չուներ քաղաքականության այս հարցում, այնպես էլ չունի: Եվ այս կարգի խնդիրները պարոն Եգանյանը չէ, որ պետք է բարձրաձայնի: Սրանք քաղաքական խնդիրներ են, որոնց մասին պետք է խոսեն արտաքին քաղաքականության պատասխանատուները` առնվազն, եթե ոչ երկրի ղեկավարը», - ասաց Մելիքյանը` շարունակելով. - «Այս տեսանկյունից ես բավական վատ միտումներ եմ նկատում փախստականների հետ կապված հայաստանյան իշխանությունների գործողությունների մեջ: Չկա համապարփակ քաղաքական գիծ, կան պատահական ելույթներ, որոնք պարզապես թելադրված են պահի այս կամ այն հանգամանքներով»:

Արման Մելիքյանի համոզմամբ, բանակցային գործընթացում «հայկական կողմերը պետք է պնդեն հետեւյալը». - «Նախ, այն տարածքները, որոնք այսօր Լեռնային Ղարաբաղի սահմանադրական տարածքն են, պետք է սեփականության իրավունքով տրվեն ադրբեջանահայ փախստականներին Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից: Իսկ բուն Լեռնային Ղարաբաղի տարածքից փախստական դարձած անձինք` Շահումյան, Գետաշեն, Մարտունի, Մարտակերտ, պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրերը: Հայկական կողմը փախստականների մասով երկու խնդիր ունի լուծելու: Այսինքն` սա կլինի ե'ւ տարածքի, ե'ւ բնակչության փոխանակում` ոչ մեկին նոր տառապանքներ չպատճառելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG