Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները»


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, 21-ը հուլիսի, 2010թ.

Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, 21-ը հուլիսի, 2010թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը չընդունի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները, կարող է «այլ ելքեր» փնտրելու անհրաժեշտություն առաջանալ։

«Որպես բանակցությունների արդյունք, Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի առաջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերին ներկայացվեցին վերջին առաջարկությունները», - հուլիսի 21-ին Սեւանում, «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ երիտասարդների հարցերին՝ ասել է Սերժ Սարգսյանը։

«Այժմ Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունում է արդյոք այդ առաջարկությունները որպես հիմք, թե` ոչ: Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները: Երբ Ադրբեջանը կասի, որ ընդունում է, այն ժամանակ կշարունակենք բանակցությունները», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

Պոլուխով. Պետերբուրգյան հանդիպմանը առաջ քաշված առաջարկները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախաձեռնությունը չեն ...
Անդրադառնալով բանակցությունների վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող տարաբնույթ հայտարարություններին եւ մեկնաբանություններին, Սարգսյանը կարծիք է հայտնել, որ դրանք կամ «ցանկություններ» են, կամ էլ Ադրբեջանի ներքին լսարանի համար նախատեսված «սեփական մեկնաբանություններ»։

Անդրադառնալով կարգավորման երեք սկզբունքներին` «տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի կիրառման բացառում», Հայաստանի նախագահը հիշեցրել է. - «Քանի որ ադրբեջանական կողմը հիմնականում խոսում է տարածքային ամբողջականության մասին, հենց Ալմաթիում համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները շատ հստակ ասացին, որ որեւէ դրույթ, որեւէ սկզբունք չի կարող գերակա լինել մյուսի նկատմամբ»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը արդեն իսկ արձագանքել է Հայաստանի նախագահի հայտարարություններին։

«Պետերբուրգյան հանդիպմանը մասնակցել է Մինսկի խմբում համանախագահող միայն մեկ երկիր` Ռուսաստանը, ինչը նշանակում է, որ այնտեղ առաջ քաշված առաջարկները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախաձեռնությունը չեն», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը:

Ընդգծելով, թե ներկա բանակցությունների ձեւաչափն ամրագրված է նախ Աթենքում` համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության, ապա Կանադայում ` ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, Պոլուխովը հավելել է. - «Ադրբեջանը բանակցային գործընթացը շարունակում է այդ համատեղ հայտարարությունների հիման վրա»:

Սարգսյան. «Մենք մեր հասանելիք կամքն արդեն ցուցաբերել ենք»


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է երիտասարդների հարցերին, «Միասին» երիտասարդական ճամբար, Սեւան, 21-ը հուլիսի, 2010թ.
Սեւանում նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների այն պնդումներին, թե «եթե Հայաստանը ցուցաբերի քաղաքական կամք եւ բարություն, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը կարող է օգտավետ լինել բոլորի համար»։

«Մենք մեր հասանելիք կամքն արդեն ցուցաբերել ենք», - ասել է Հայաստանի նախագահը։

«Ամբողջ աշխարհը Թուրքիային է ասում, որ կամք ցուցաբերի եւ վավերացնի ստորագրված արձանագրությունները, թուրքերը կարծես դա չեն լսում եւ մեզ են ասում կամք ցուցաբերել: Մենք երբեք բարեկամաբար մեկնած ձեռքը չենք անտեսում, բայց երբ այդ մեկնած ձեռքը իրականության մեջ չկա, այլ ներկայացնում են որպես այդպիսին, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում», - եզրափակել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG