Մատչելիության հղումներ

Կառավարությունը հինգշաբթի օրը լրացում կատարեց բրենդիի համար առանձին ապրանքային անվանում սահմանելու մասին այս տարվա մայիսին ընդունած որոշման մեջ: Գյուղատնտեսության նախարարի խոսքով, նպատակը «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը հստակեցնելը եւ տեղական արտադրողների ու սպառողների օրինական շահերի պաշտպանությունն ապահովելն է:

«Գործող օրենքի վերլուծությունը ցույց է տալիս, որ կառավարությունը ապրանքային անվանում պետք է սահմանի միայն այն բրենդիների համար, որոնք արտադրվել են ոչ միայն տեղական ծագման գինենյութից», - կառավարության նիստում պարզաբանեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: - «Հետեւաբար «Արբուն» ապրանքային անվանման կիրառումը չպետք է տարածվի «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բրենդիի այլ տեսակների արտադրման դեպքում»:

Որոշակի պարզաբանումներով հանդես եկավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը` մասնավորապես, ասելով. - «Այսուհետեւ արգելվելու է այն արտադրողներին, որոնք օգտագործում են իրենց արտադրության մեջ ներմուծվող սպիրտ, օգտագործել «հայկական կոնյակ» արտահայտությունը: Հայկական կոնյակը այն կոնյակն է, որը հարյուր տոկոսով օգտագործում է մեր տեղական հումքը: Եթե ներմուծվում է սպիրտ, որը օգտագործվում է Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրելու պարագայում, ապա մենք արգելում ենք, որ այն կոչվի «հայկական կոնյակ»: Այն պետք է կոչվի «Արբուն»»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հիշեցնենք, նախկին վարչապետ, 1998-2006 թվականներին Երեւանի կոնյակի գործարանի փոխնախագահ Հրանտ Բագրատյանը ասել էր, թե կառավարության կողմից «Արբուն» բառը շրջանառության մեջ է դրվել «կոնյակի բիզնեսով զբաղվող հայ օլիգարխների պարտադրանքով»: Բագրատյանը նաեւ կառավարությանը խորհուրդ էր տվել պարտադրել արտադրողներին, որ հայկական կոնյակի համար արտադրվող սպիրտը թորվի միայն Հայաստանում:

Ըստ նախկին վարչապետի, Հայաստանում կոնյակ արտադրողների շրջանում տարածված է հետեւյալ գործելաոճը` իրականում մթերում են, օրինակ, 2 հազար տոննա խաղող, բայց ցույց են տալիս, ասենք, 10 հազար տոննա, եւ մնացած 8 հազար տոննայի սպիրտը ներմուծում են դրսից, ինչը ավելի էժան է, քան տեղում թորելը:

Բագրատյանի այս մտահոգությունը կիսում է Գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման եւ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գեւորգ Ղազարյանը:

«Մենք էլ ունենք այդ մտավախությունը, դրա համար էլ օրենքի մեջ մտել է նաեւ դրույթ, որը 2013 թվականից ուժի մեջ կմտնի, որ ոլորտի լիազոր մարմինը [Գյուղատնտեսության նախարարությունը] պետք է վարի խաղողագործական եւ գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ղազարյանը` պարզաբանելով. - «Պետք է ունենանք լաբորատոր մի սարքավորում, որը, ցավոք սրտի, այսօր Հայաստանում չկա` ատոմամագնիսական ռեզոնատոր»:

Նրա խոսքով, այդ սարքի օգնությամբ հնարավոր կլինի անցկացնել լաբորատոր հետազոտություն եւ պարզել սպիրտի ծագումը: Հետազոտությունների հիման վրա ստեղծվելիք տվյալների ազգային բազան հնարավորություն կտա յուրաքանչյուր հաջորդ տարվա արտադրանքը «նույնականացնել եւ համեմատել այդ բազայի հետ»:

Գեւորգ Ղազարյանը նշեց, որ 5 տարի հետո ներկրված սպիրտով պատրաստված կոնյակը պետք է բացառապես կրի «Արբուն» անվանումը:

«Հենց օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ներմուծումների ծավալը շեշտակի պակասեց: Այսինքն հույս ունենք, որ ընդհանրապես չի ներմուծվի, եւ «Արբուն» կարող է ընդհանրապես չարտադրվի, որովհետեւ ձեռնտու չէ», - հավելեց նա:

Հիշեցնելով, որ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքն ընդունվել է 2008 թվականին` Ղազարյանը փոխանցեց. - «2007 թվականին ներմուծվել էր մոտ 2 միլիոն 100 հազար լիտր կոնյակի սպիրտ: Հաջորդ տարի` 2008 թվականին, գրեթե կիսով չափ կրճատվել էր: Իսկ անցյալ տարի կազմել է 700 հազար լիտրի կարգի: Հայաստանում արտադրվող բրենդիի մեջ պարտադրել ենք, որ առնվազն 60 տոկոսը պետք է լինի հայկական ծագման սպիրտ»:

Հաշվարկները ցույց են տալիս, որ օրենքի ընդունմանը նախորդող տարվա համեմատությամբ, բրենդիի սպիրտի ներկրման ծավալները կրճատվել են մոտ 70 տոկոսով:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG