Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կոչ է անում մինչեւ տարեվերջ կարգավորել Կիպրոսի խնդիրը


Կիպրոս -- Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության դրոշները, արխիվ

Կիպրոս -- Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության դրոշները, արխիվ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Դերվիս Էրօղլուն հղած նամակում ասում է, թե Թուրքական Կիպրոսը ապացուցել է, որ նույնիսկ ամենադժվարին պահերին երբեք չի հրաժարվել իր օրինական իրավունքներից։

«Թուրք կիպրոսցիները շարունակում են պաշտպանել իրենց օրինական իրավունքները, միասնաբար եւ համերաշխորեն մեծ ջանքեր են գործադրում կղզու երկու հատվածների եւ տարածաշրջանի կայունությունն ու համագործակցությունը ապահովելու համար», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ դա վերջին երկու տարիներին ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունների նպատակն է։

«Մենք ցանկանում ենք, որ 2010 թվականի վերջին բանակցությունները արդյունք ունենան ու համակողմանի լուծում ձեռք բերվի», - ասել է Աբդուլա Գյուլը։

«Թուրքիան իր պատմական առաքելությանը համապատասխան կշարունակի ամբողջովին աջակցություն ցուցաբերել Թուրքական Կիպրոսին», - հավաստիացրել է Աբդուլա Գյուլը։

Թուրքիայի նախագահը իր նամակը Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարին է հղել՝ նշելու համար, ինչպես «Անդաոլու» գործակալությունն է գրում, «Կիպրոսի խաղաղ գործողության 36-րդ տարին»։

36 տարի առաջ՝ 1974 թվականին, թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս կղզու հյուսիսային հատված։ Թուրքիան պատճառաբանեց, որ պաշտպանում է տեղի թուրք փոքրամասնությանը, քանի որ Կիպրոսի իշխանությունները որոշել էին միանալ Հունաստանին։

9 տարի անց՝ 1983-ին, Թուրքական Կիպրոսը անկախություն հռչակեց, որը ճանաչել է միայն Թուրքիան եւ շարունակում է 35 հազարանոց զորախումբ պահել այնտեղ։

Հուլիսի 20-ին, երբ նշվում էր Թուրքական ռազմական գործողության 36-րդ տարին, Թուրքական Կիպրոսի ղեկավար Էրողլուն ասել էր, որ Կիպրոսի հունական հատվածում հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են անցկացնելու, ու եթե մինչ այդ համաձայնություն ձեռք չբերվի, ապա բաց կթողնվի խնդիրը կարգավորելու հնարավորությունը։

Սակայն Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը գտնում է, որ Թուրքական Կիպրոսը կոշտացրել է իր դիրքորոշումները, ինչը հակասում է Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդի հայտարարություններին, թե ցանկանում են, որ խնդիրը կարգավորվի տարեվերջին։

Խրիստոֆիասը Թուրքական Կիպրոսին հորդորում է առանցքային խնդիրների շուրջ ընդունել Հունական Կիպրոսի առաջարկները՝ նշելով, որ այդ դեպքում բանակցությունները սրընթաց առաջընթաց կունենան։
XS
SM
MD
LG