Մատչելիության հղումներ

Հուլիսի 22-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Տարիներ շարունակ ես` այս երկրի քաղաքացիս, հույս եմ ունեցել, որ այ այս անգամ ընտրությունները արդար կանցնեն, եւ ես հերթական անգամ խաբված չեմ զգա ինձ: Հերթական անգամ նվաստացած չեմ զգա, որ իմ ձայնը գողացել են ինչ-որ բաշիբոզուկներ, որ իմ մի հատիկ ու ինքնին իրենից ոչինչ չներկայացնող քվեն կհասնի տեղ: Եվ ամեն անգամ կրկին ու կրկին համոզվել եմ, որ մեզանում ոչ միայն ընտրական համակարգ չկա, այլեւ տարրական ազնվություն, պարկեշտություն, ամոթի զգացում: Իսկ երբ մի քանի օր առաջ ընդդիմադիր ՀՀՇ կուսակցության վարչության ընտրակեղծիքների մասին սկսեցին խոսել, ես հասկացա, որ ամեն ինչ անհույս է: Եթե իշխանական լծակներ, փող, բարեկեցություն, զանազան արտոնություններ չբերող ընդդիմադիր կուսակցության ղեկավար մարմին ընտրելիս անգամ մենք չենք կարողանում ձեռնպահ մնալ կեղծիքներ անելուց, ապա երբեք չենք կարողանա որեւէ մակարդակի արդար ընտրություններ կազմակերպել»:

«168 ժամ»-ը գրում է. - ««Բանակցությունների սեղանին նոր առաջարկություններ էին, եւ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ադրբեջանը պետք է պատասխաներ` ընդունո՞ւմ է այդ առաջարկները, թե՞ ոչ: Երբ Ադրբեջանն ասի` ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ` ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն», - երեկ Սեւանում «Միասին» շարժման մասնակիցների եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ամենատարօրինակը, սակայն, այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ այս օրերին ընթացող ակտիվ քննարկումների, հասարակության ամենատարբեր շերտերի կողմից հնչող մտահոգությունների պայմաններում Սերժ Սարգսյանը նման հայտարարություն է անում ոչ թե, ասենք, նախկին ազատամարտիկների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ մտավորականների, այլ կարիերիստ ու սփյուռքահայ ջահելների հետ հանդիպման ժամանակ: Հետաքրքիր է, եթե, Աստված մի արասցե, իսկապես պատերազմ վերսկսվի, ապա այս օսլայած օձիքներով պատեհապաշտնե՞րը, թե՞ հայրենիքի հաշվին ամառային հանգիստը Հայաստանում անցկացնող սփյուռքահայ պատանիներն են պաշտպանելու Հայաստանի սահմանները»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ընդամենը մեկ անկախ հեռուստաընկերությունն ի վիճակի է խարխլել Հայաստանում ձեւավորված հանցավոր համակարգը առանց բացառության բոլոր ոլորտներում: Հայաստանը, ի վերջո, փոքր երկիր է, բոլոր գործընթացները աչքի առաջ են, եւ բավական է ընդամենը մեկ-երկու տասնյակ տեսախցիկ` բոլոր ոլորտներում տիրող իրավիճակը ներկայացնելու համար: Օրինակ, ինչո՞ւ է Երեւանում միրգն ու բանջարեղենը ահավոր թանկ: Որովհետեւ երբ գիշերը գյուղացիներն իրենց ապրանքը մի կերպ հասցնում են մեծածախ շուկաներ, հաստավիզ «նայողները» վրա են տալիս, նրանց ապրանքը բառիս բուն իմաստով խլում ու հենց տեղում կրկնակի թանկ հանձնում վերավաճառողներին: Սա մի ամբողջ հանցավոր մեխանիզմ է, որի ամսական շրջանառությունը, ի դեպ, կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար: Հիմա պատկերացրեք` «գործընթացը» նկարահանվում է ու եթեր հեռարձակվում: Ոլորտի պատասխանատուները կամ պիտի տեղում «զխկեն» հեռուստալրագրողներին (ընդ որում` մեծ է հավանականությունը, որ հետագայում այդ կադրերը եւս եթեր կհեռարձակվեն), կամ թողնեն-հեռանան»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ասում է. - «Այս իրավիճակում Ադրբեջանը գործում է Թուրքիայի ճնշման ներքո։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին ձեռք է բերում ավանտյուրիստական բնույթ։ Այս երկրի կառավարող խմբավորումը` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վերնախավը, ոչ միայն քաղաքական առումով է հնազանդեցրել պետությունը, այլեւ կարողացել է իրեն ենթարկել զինվորականությանը։ Թուրքիայի դեպքում սա բացառիկ ու աննախադեպ իրողություն է, քանի որ առ այսօր քեմալական հանրապետությունում նման բան չի եղել։ Թուրքիայի համար աշխարհաքաղաքական ուղեգծի այս փոփոխությունը բավական վտանգավոր է, իսկ Ադրբեջանի համար կարող է նույնիսկ կործանարար դառնալ։ Ադրբեջանը վերածվել է Թուրքիայի աշխարհաքաղաքական հավակնությունները իրագործելու միջոցի Հարավային Կովկասում»։

«Կապիտալ»-ը զրուցել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ: Նա ասում է. - «Ցանկացած տեսակի ընդդիմության գոյություն ձեռնտու է Հայաստանին, եթե դա իրոք ընդդիմություն է։ Ես շատ ուրախ կլինեի, եթե Հայաստանում լիներ ՀԱԿ-ի նման մեկ այլ ուժ, որն էլ այլ դիրքերից հանդես գար։ Ես վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանն էլ դեմ չէր լինի եւ նույնիսկ կցանկանար, որ լիներ նման ուժ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման ուժերը չեն կարողանում կայանալ։ Տեսեք, կան շատ ազնիվ մարդիկ, սակայն բավական ուժեղ ընդդիմադիր ուժ ստեղծելու նրանց փորձերը կարծես թե չեն հաջողվում։ Եղավ «Միացումը», հետո՝ «Սարդարապատը», բայց հասարակական լայն զանգվածների գործուն համակրանքը վայելող ուժ ոնց որ թե չի ստացվում ձեւավորել, չեմ կարող ասել, թե ինչու, բայց փաստը մնում է փաստ, որ այսօրվա լավ կամ վատ ընդդիմությունը Կոնգրեսն է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG