Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԱՄՆ-ի ապագա դեսպանի թեկնածուն խոստանում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը


Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիքարդոն

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիքարդոն

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիքարդոնը, պատասխանելով հայամետ կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսի պնդմանը՝ ներկայացնել իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, 1915 թվականի իրադարձությունները որակեց «ջարդեր»՝ մեջբերելով ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը:

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացումը կօգնի կովկասյան ողջ տարածաշրջանի կայունությանը եւ բարգավաճմանը», – Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեքշաբթի օրը անցկացված լսումների ժամանակ հայտարարեց Ֆրենսիս Ռիքարդոնը։

«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները», – հայտարարեց Ռիքարդոնը՝ խոստանալով, թե դեսպան նշանակվելու դեպքում կանի հնարավորը, որպեսզի ստորագրված
հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչվեն:

Թուրքիայում աշխատելու տարիներին, դիվանագետի խոսքով, Հայաստանի, Կիպրոսի, Իրանի եւ Աֆղանստանի հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում:

Թուրքական Zaman–ի փոխանցմամբ՝ ամերիկացի դիվանագետի համար հանձնաժողովական լսումները «դաժան» մթնոլորտում են անցել նաեւ թուրք-հունական հարաբերություններին առնչվող հարցադրումների պատճառով:

Մինչեւ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրվելը Ֆրենսիս Ռիքարդոնը եղել է Աֆղանստանում ԱՄՆ–ի փոխդեսպանը։ Նախկինում որպես դեսպան աշխատել է Եգիպտոսում եւ Ֆիլիպիններում:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները դեսպանի թեկնածուին նաեւ գրավոր հարցեր ուղղելու հնարավորություն ունեին, որից հետո, արդեն հաջորդ շաբաթ կարող է քննարկվել նաեւ Ֆրենսիս Ռիքարդոնի թեկնածության հաստատման հարցը. դեսպան նշանակվելու համար Ռիքարդոնի թեկնածությունը նաեւ Սենատի հավանությանը պետք է արժանանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG