Մատչելիության հղումներ

Հուլիսի 21-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը շարունակում է անդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին ՀՀՇ-ի համագումարում. - «Կարելի է, իհարկե, ժամերով բանավիճել Տեր-Պետրոսյանի արտահայտած տեսակետների շուրջ, ընդունել կամ մերժել դրանք, տասնյակ հակափաստարկներ բերել, բայց նախքան այդ, կարծում ենք, պետք է փորձել գտնել ամենակարեւոր հարցի պատասխանը. իսկ ինչի՞ համար էր այդ ելույթը, ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Տեր-Պետրոսյանը: Փորձում էր ինչ-ինչ բա՞ն հասկացնել արտաքին աշխարհին: Բացառված է: Դրա համար կան բազմաթիվ այլ ձեւեր, եւ ամենեւին պարտադիր չէր անել դա հրապարակային ելույթով` իմանալով, որ տասնյակ հազարավոր մարդիկ ծայրից ծայր ուսումնասիրելու են իր ելույթի ամեն մի բառը: Ուզում էր ինչ-որ բա՞ն հասկացնել իշխանություններին: Եվ դարձյալ` պարտադիր չէր դա անել հրապարակային ելույթով: Փորձում էր կանխել ՀՀՇ-ի (եւ դրանով իսկ` Կոնգրեսի) պառակտո՞ւմը: ՀՀՇ-ի պառակտումը (եթե նման վտանգ իրոք կար) կանխել թերեւս հաջողվեց, բայց արդյո՞ք այդ ելույթից հետո Կոնգրեսի շարքերը ավելի կուռ են, քան առաջ: Հազիվ թե»:

Նույն առիթով «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այս ելույթից հետո անցել են օրեր, եւ թվում է, թե հենց համագումարի երկրորդ օրը կամ նույնիսկ ելույթից ժամեր անց ՀԱԿ-ի անդամ ուժերը վերջապես «ինքնուրույնություն» կդրսեւորեն, տեղներից վեր կցատկեն ու կասեն տղամարդու իրենց խոսքը։ Ոչ այն պատճառով, որ փաստորեն ավելի քան երկուսուկես տարի առաջնորդը խաբել է իրենց` շարժումը, կոնգրեսը ծառայեցնելով ոչ թե հռչակած նպատակներն ու ծրագրերը իրականացնելու գործին, այլ իրենց օգտագործել է որպես խաղաքարեր սեփական մտադրությունները իրականացնելու համար։ Այսուհետ Տեր-Պետրոսյանի կողքին լինել-չլինելու որոշում ընդունելու համար շատ ավելի լուրջ պատճառ կա։ Մինչեւ երեկ նույն այդ ուժերը, որոնք իրենց համարում են հայրենասիրական, ազգային, պահպանողական, ավանդական, մեկը մյուսի ձայնը խլացնելով, գոռում էին, թե «հանցավոր ռեժիմը հանձնում է ազատագրված տարածքները», «ոչ մի թիզ հող թշնամուն», «արյունով նվաճած հողը ոչ ոք իրավունք չունի վերադարձնելու»։ Ու՞ր եք տղաներ, բա ինչու ծպտուն չեք հանում»։

«Հրապարակ»-ի խմբագրականը անդրադառնում է կոռուպցիայի վերաբերյալ վերջերս անցկացված հետազոտությանը. - «Անշուշտ, բնակչության մեծ մասը գիտակցում է, որ ապրում է կոռումպացված երկրում, հասկանում է, որ դրա դեմ հարկավոր է պայքարել, զգում է, որ դա վատ բան է: Մարդիկ կարծում են, որ կոռուպցիան կարող է կրճատվել միայն որոշ չափով կամ ընդհանրապես չի կարող կրճատվել: Նրանք իրենց չեն համարում կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ եւ նշում են, որ ոչինչ չեն կարող անել Հայաստանում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար: Ահա հենց այս անելանելիությունը, անզորությունն է, որ փակ շրջանի էֆեկտ է ստեղծում, եւ նման մտածողություն ունեցող ազգաբնակչությամբ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը դառնում է անիմաստ ու անհեռանկարային»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի տնտեսության մեջ մնացել են հազվագյուտ ոլորտներ, որտեղ շատ թե քիչ մրցակցություն կա: Դրանցից մեկը ձվի արտադրությունն է: Սակայն այսուհետ կարելի է արձանագրել, որ այս ոլորտում մրցակցության ժամանակաշրջանը, ըստ էության, ավարտվում է: Հաստատվում են այն լուրերը, որ «X գրուպ» ընկերությունը, որի կազմի մեջ էին մտնում «Արաքս» եւ «Երեւանի թռչնաֆաբրիկա» ձու արտադրող ընկերությունները, ձեռք է բերել Լուսակերտի, Գնդեւազի, եւ Բայանդուրի թռչնաֆաբրիկաները: Այսպիսով «X գրուպ»-ի կազմի մեջ մտնող թռչնաֆաբրիկաների արտադրանքը կկազմի Հայաստանում արտադրված ձվի ընդհանուր քանակի առնվազն կեսից ավելին: Միանգամից երեք թռչնաֆաբրիկաների գնումն ակնհայտ է դարձնում, որ ձվի գնի` հունիսին արձանագրված շեշտակի անկումը ոչ թե, կամ ոչ միայն ձվի գերարտադրության արդյունք էր, այլ պարզ դեմփինգ, որը իրականացնում էր հենց «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան»: Եվ փաստորեն, այդ դեմփինգը հասավ իր նպատակին: Հայաստանում ձու արտադրող խոշորագույն ընկերության` Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի վաճառքը անակնկալ է եղել նույնիսկ ոլորտից քաջատեղյակների համար»:

«Կապիտալ»-ը, հղում անելով ռուսաստանյան RBC Daily օրաթերթին, գրում է. - ««Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության բաժնետոմսերի փաթեթը, որ պատկանում է հիմնադիր եւ գլխավոր բաժնետեր Ռուբեն Վարդանյանին, մոտակա երկու տարում կարող է նոր սեփականատեր ունենալ: Ընկերությունում այժմ քննարկվում են մի քանի տարբերակներ` բաժնետոմսերի գնում թոփ մենեջերների կողմից կամ վաճառք «Սբերբանկին», ՎՏԲ-ին կամ Standard Bank-ին: Անցյալ ուրբաթ ընկերության բաժնետեր աշխատակիցները քննարկել են մի շարք տարբերակներ` կապված Ռուբեն Վարդանյանի հեռանալու հետ: Ընկերությունում նշում են, որ մոտակա տարիներին Վարդանյանը կնվազեցնի «Տրոյկա դիալոգում» իր ազդեցությունը. նա 20 տարի իրեն նվիրել է այս բիզնեսին եւ իրավունք ունի հանգստի եւ բարեգործական նախագծերի»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG