Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան. «Կարապետ Ռուբինյանը իր հայտարարության մեջ ահազանգ է հնչեցրել»


ՀՀՇ-ի վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյան

ՀՀՇ-ի վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյան

ՀՀՇ-ի վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը ափսոսանք է հայտնում, որ Կարապետ Ռուբինյանի նման «պետական» քաղաքական գործիչը «այս պահին որոշել է ակտիվորեն չմասնակցել կուսակցության աշխատանքներին»։

«Կարապետ Ռուբինյանը իր հայտարարության մեջ ահազանգ է հնչեցրել, եւ ես հույս ունեմ, որ նորընտիր վարչությունը կանդրադառնա այդ հարցերին», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով. - «Որովհետեւ միայն Կարապետ Ռուբինյանը չէ այդ մասին խոսում»։

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամի թեկնածություն առաջադրած Կարապետ Ռուբինյանը, անհաջողության մատնվելով ընտրություններում, երկուշաբթի օրը հրապարակային հայտարարություն տարածելով՝ դադարեցրել է ՀՀՇ-ին իր անդամակցությունը։ Ռուբինյանը իր այդ քայլը պատճառաբանել է հուլիսի 17-ին տեղի ունեցած ՀՀՇ-ի համագումարում անցկացված ընտրությունների կեղծմամբ։

Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, կուսակցության անդամակցությունը դադարեցնելու՝ Ռուբինյանի որոշումը մեծ կորուստ է ՀՀՇ-ի համար։ Սակայն Արզումանյանը համաձայն չէ Ռուբինյանի արտահայտած տեսակետի հետ, թե Հայ ազգային կոնգրեսի եւ ՀՀՇ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը զերծ է պահում ՀՀՇ-ի վարչությունը այլախոհությունից։

«ՀՀՇ-ի կարեւորագույն առանձնահատկություններից մեկը այն է, որ մենք, լինելով լիբերալ կուսակցությունը, մշտապես ողջունել ենք բանավեճը, տարակարծությունը, եւ սա լավ հնարավորություն է այդ բանավեճը դարձնել հրապարակային», - նշեց Արզումանյանը՝ ընդգծելով. - «Ես հարգում եմ պարոն Ռուբինյանին, եւ կարծում եմ, որ եթե նա նման ահազանգ է հնչեցնում, այդ մասին պետք է խոսենք եւ պարզենք։ Եթե նման բան կա, ապա վարչությունը պետք է իր մեջ ուժ գտնի, անդրադառնա այդ հարցերին եւ հրապարակային պատասխաններ տա։ Մեզ պետք են սպառիչ պատասխաններ, համոզիչ պատասխաններ»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG