Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան զինվորականները կկանգնեն թուրքական դատարանի առջեւ


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նախագահում է անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցությունը Անկարայում` բարձրաստիճան զինվորականների եւ կառավարության անդամների մասնակցությամբ: 21-ը հունիսի 2010թ.
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նախագահում է անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցությունը Անկարայում` բարձրաստիճան զինվորականների եւ կառավարության անդամների մասնակցությամբ: 21-ը հունիսի 2010թ.

Թուրքիայի բանակի շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ, այդ թվում՝ տասնյակ գեներալներ ու հրամանատարներ, շուտով կկանգնեն դատարանի առջեւ՝ երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով։

Ստամբուլի բարձրագույն քրեական դատարանը երեկ որոշել է քննության առնել դատախազության ներկայացրած մեղադրականը, որի համաձայն 2003 թվականին բարձաստիճան զինվորականները արյունալի բռնություններ ու ահաբեկչություններ են ծրագրել՝ էրդողանի կուսակցությունը տապալելու համար։

Շուրջ հազար էջանոց այդ մեղադրականի համաձայն, մասնավորապես, 2002 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, չհաշտվելով իշխանության եկած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակի հետ, զինվորականները գաղտնի ժողով են կազմակերպել, որտեղ էլ մշակել ու հաստատել են «Բալյոզ» (կամ «Մեծ մուրճ») կոչվող հեղափոխական ծրագիրը։ Այդ «մուրճը», ըստ դատախազության, պիտի իջներ մտավորականների, հոգեւորականների, երեւելի քաղաքական ու հասարակական այն գործիչների գլխին, որոնք կարող էին «դեմ արտահայտվել հեղափոխությանը, պաշտպանել իշխանություններին եւ դրանով իսկ խոչընդոտել բանակի ստվերային գործունեությունը»։

Երեւելի այդ գործիչների ցանկում, ըստ դատախազության, նշվել է նաեւ «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի անունը, որն էլ, ըստ մեղադրականի, դարձել է այս ծրագրի առաջին թիրախը։ Դինքից բացի, զինվորականները ծրագրել են նաեւ մի խումբ հայտնի լրագրողների ու վերլուծաբանների, իրավապաշտպանների, պրոֆեսորների, ինչպես նաեւ Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ու հունական եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոսի սպանությունները։ Քաոսային մթնոլորտ ստեղծելու համար նախատեսվել են նաեւ մի շարք պայթյուններ՝ թուրքական մզկիթներում, ահաբեկչություններ եւ անգամ՝ ռազմական սադրիչ գործողություններ Հունաստանի դեմ։

«Ծրագրի ողջ մանրամասները դեռեւս հայտնի չեն, սակայն փաստ է, որ բանակը այս երկրում բավական տեւական ժամանակ իր ձեռքում է պահել իշխանությունը՝ ռազմական ահաբեկչությունների, սպանությունների ու վարկաբեկումների միջոցով, եւ այժմ այդ համակարգը փլուզվում է սեփական ծանրության տակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թուրքական «Թարաֆ» թերթի վերլուծաբան Սեւան Նշանյանը։

«Շատ երկար ժամանակ Թուրքիայի պետությունը կառավարվում էր արդյունավետ գործող քրեական հանցախմբի կողմից. 2003 թվականին ծրագրված այս հեղափոխության ծրագիրը ընդամենը մեկ կաթիլ է՝ միմյանց հաջորդող հեղափոխությունների ծովում։ Այս առումով այս ծրագրերը այլեւս չեն զարմացնում, քանի որ շատ նման են մեկմեկու, եւ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Թուրքիայի բանակում ընդգրկված զինվորականները զբաղված են այս կամ այն մարդուն սպանելու կամ կառավարության դիրքերը թուլացնելու ծրագրով», – շարունակեց Նշանյանը:

Ծրագրվող հեղարջման գաղտնի փաստաթղթերը, ի դեպ, առաջին անգամ հենց այս թերթն էր հրապարակել ու ներկայացրել դատախազություն։ Եթե այժմ դատարանը ապացուցված համարի զինվորականությանը ներկայացված մեղադրանքը, բանակի ավելի քան 30 բարձաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայի ցամաքային, օդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները կարող են մինչեւ քսան տարվա ազատազրկման դատապարտվել։

Վելուծաբանների պնդմամբ, սա շրջադարձային պահ է մի երկրում, որտեղ զինվորականությունը վերջին հիսնամյակում 4 կառավարություն է տապալել: Մյուս կողմից, փորձագետները պատահական չեն համարում այն փաստը, որ ծրագիրը գաղտնազերծվեց եւ մեղադրանքը դատարան ներկայացվեց հենց այժմ. բանն այն է, որ օգոստոսին Թուքրիայի Գերագույն ռազմական խորհուրդը հերթական տարեկան հավաքն է գումարելու, որտեղ վարչապետ էրդողանը բարձացնելու է հեղափոխություններին աջակցող զինվորականներին պատժելու հարցը:

«Սա Թուրքիայի պատմության մեջ ամենակարեւոր ռազմական հավաքներից մեկն է լինելու, որտեղ բանակը պետք է ցույց տա սեփական վերաբերմունքը հակաժողովրդավական ծրագրերին», - գրում են թուրքական պարբերականները` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Էրդողանին դեմ արտահայտվողների դիրքերը այս հավաքում բավական թույլ են լինելու, քանի որ զինվորականության տասնյակ ներկայացուցչներ դրանց չեն մասնակցելու՝ դատարան ներկայացված մեղադրանքի պատճառով։

«Իրականում սա մի շարունակական գործընթաց է, որտեղ այն, ինչ կատարվում է կուլիսների ետեում, թերեւս, ավելի հետաքրիր է, քան այն, ինչ երեւում է առաջին հայացքից: Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ զինվորականությունը եւս մեկ մարտ է տանուլ տալիս այս ճակատամարտում, ինչը շատ կարեւոր զարգացում է Թուրքիայում ժողովրդավարության ու պետականության ամրապնդման տեսնակյունից», - ասում է «Թարաֆ»-ի մեկնաբանը` շարունակելով. - «Այսօր Թուրքիայում առավել մեծ աղմուկ են բարձացրել հաղորդումները, որ զինվորականությունը նաեւ Քրդական աշխատավորական կուսակցությանն է աջակցել»:

«Չհաջողված ու հաջողված հեղաշրջումների մասին ցանկացած փաստ ու մանրամասն նպաստում է , որ Թուրքիան դառնա առավել բաց ու ազատ, եւ այժմ երկրի ներսում բավական մեծ են ակնկալիքները, որ հաջորդ տարի նախատեսված խորհրդարայական ընտրություններին Թուրքիան կլինի առավել ժողովրդավարական երկիր», - եզրափակեց Սեւան Նշանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG