Մատչելիության հղումներ

Փոխնախարարը ներկայացրեց համայնքային բյուջեների կիսամյակային կատարողականը


Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մամուլի ասուլիսում: 20-ը հուլիսի, 2010թ.
Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մամուլի ասուլիսում: 20-ը հուլիսի, 2010թ.

Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց համայքների բյուջեների կատարողականի կիսամյակային ցուցանիշները:

«Շատ լավ ու կայուն ցուցանիշներ ունենք Արարատի մարզում: Արարատի մարզում աշխատավարձի պարտքեր չեն կուտակվում: Կոտայքի մարզը միշտ բարձր ցուցանիշներ է ցուցաբերում: Վայոց Ձորի մարզը մեր բավականին ստաբիլ մարզերից է: Շիրակի մարզում թվերի առումով բավականին մեծ առաջընթաց ունենք: Շատ վատ թվեր ունեինք Գեղարքունիքի մարզում. վերջին երկու տարում համայնքներին հաջողվել է էական առաջընթաց արձանագրել», - ասաց փոխնախարարը` վստահեցնելով նաեւ, որ համայնքների խոշորացման ծրագրի առաջին արդյունքները կտեսնենք առաջիկա տարիներին:

2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքային բյուջեների փաստացի մուտքերը կազմել են 37.7 միլիարդ դրամ կամ 91.2 տոկոս: Փոխնախարարը սա վատ ցուցանիշ չի համարում` նախորդ տարվա համեմատությամբ:

Նա նշեց, որ նախարարությունը «շատ է կարեւորում» համայնքների աշխատակազմերի ջանքերը բյուջեի հավաքագրման եւ կատարման գործընթացում (խոսքը սեփական եկամուտների մասին է): Հողի հարկերի հավաքագրման մասով համայնքները ամբողջությամբ վերցրած բյուջեն կատարել են 81.2 տոկոսով: Ավելի քան 90 տոկոսով կատարվել է գույքահարկի հավաքագրումը:

Վաչե Տերտերյանը խոստովանեց, որ որոշակի ժամանակահատվածում համայնքների եւ նախարարության ուշադրությունից դուրս էին մնացել տեղական տուրքերը. - «Մարմինները, որոնք իրավասու էին ստուգումներ անցկացնելու, շատ ու շատ համայնքներում արձանագրում էին, որ տեղական տուրքերի բազաները թափթփված են, շատ դեպքերում չեն համապատասխանում, շատ դեպքերում որոշակի հովանավորչություն է իրականացվում այն սուբյեկների նկատմամբ, որոնք համարվում են տեղական տուրքեր վճարողներ: Եվ դա էր պատճառը, որ մենք այս տարի մեր մարզպետների հետ բոլոր մարզխորհրդի նիստերում մեր համայնքների ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ տեղական տուրքերը նույնպես պիտի հաշվառվեն պատճաշ որակով եւ հնարավորինս ընդգրկվեն համայնքային բյուջեներում»:

«Արդյունքները բարձր են, սակայն ոչ գոհացուցիչ», - եզրափակեց տարածքային կառավարման փոխնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG