Մատչելիության հղումներ

Վերաբացվեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը


Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Քանաքեռում:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Քանաքեռում:

Քանաքեռում երեքշաբթի օրը հիմնանորոգումից հետո հանդիսավորությամբ վերաբացվեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը:

Թանգարանի ամենահին հատվածում` երկու սենյակներից ու թոնրատնից բաղկացած հողաշեն տնակում թխվող տաք լավաշի բուրմունքը տարածվել էր բարեկարգված թանգարանի ողջ տարածքում:

Թանգարանի այն սենյակը, որտեղ ծնվել ու ապրել է Աբովյանը:
Տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը լրագրողներին պատմեց, որ իր երկարատեւ ջանքերից հետո 5 տարի առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացրեց 180 միլիոն դրամ, որով հնարավոր եղավ սկսել շատ վատ պայմաններում գտնվող թանգարանի շենքի վերանորոգումը:

Ընդհանուր առմամբ, հիմնանորոգման վրա ծախսվել է 250 միլիոն դրամ: Թանգարանին աջակցել են նաեւ Սոցիալական ներդրումների հիմնադրամը, «ՎիվաՍել» ընկերությունը, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը:

«Նորաբաց թանգարանի ցուցադրությունը` 12 բաժիններով, անթերի վիճակում է, եւ Հայաստանի որեւէ թանգարան չի կարող դրա հետ մրցակցել», - հպարտությամբ հայտարարեց Հովհաննես Զատիկյանը:

Զատիկյանը փոխանցեց, որ մտադիր են թանգարանում բացել Աբովյանագիտական կենտրոն, եւ այդ գաղափարը արժանացել է կառավարության հավանությանը. - «Մանկավարժական համալսարանը առաջինը նախաձեռնեց այդ աշխատանքը, եւ երկու ավագ գիտաշխատողի հաստիք է տվել»:

«Ինչու է դա անհրաժեշտություն դարձել, որովհետեւ բոլորին համար պարզ է, որ Աբովյան հասկացությունը չի ընկալված կամ չի յուրացված մեր ժողովրդի կողմից», - հավելեց Զատիկյանը:

Աբովյանագիտական կենտրոնի անհրաժեշտությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում շեշտեցին ե'ւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ե'ւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Այնքան անելիք ունենք դեռ: Մենք պարտք ունենք Աբովյանին: Վերջապես մենք կարողանում ենք վերադարձնել մեզ Աբովյանին` իր արմատներով, իր ժամանակով, իր շնչառությամբ», - ասաց Անանյանը:
XS
SM
MD
LG