Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատում քննարկվելու են Թուրքիայում եւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանների թեկնածությունները


ԱՄՆ-ի Սենատը

ԱՄՆ-ի Սենատը

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հուլիսի 20-ին քննարկվելու է Թուրքիայում Միացյալ Նահանգների նոր դեսպանի նշանակման հարցը։ Հայամետ սենատորները հարցեր են բարձրացնելու դեսպանի թեկնածուի առջեւ։

Հուլիսի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Թուրքիայում Միացյալ Նահանգների նոր դեսպանի պաշտոնում առաջադրել էր Ֆրենսիս Ռիքարդոնեի թեկնածությունը։ Առաջադրված թեկնածուն ներկայումս Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալն է։ Նախկինում որպես դեսպան աշխատել է նաեւ Եգիպտոսում, Ֆիլիպիններում:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօրվա քննարկումը կարեւոր առիթ համարեց՝ հստակեցնելու ինչպես Թուրքիայի նկատմամբ ամերիկյան վարչակազմի այսօրվա դիրքորոշումը, այնպես էլ դեսպանի թեկնածուի վերաբերմունքը Հայաստանին առնչվող խնդիրների՝ Հայոց ցեղասպանության, Հայաստանի շրջափակման եւ հայ-թուրքական ձախողված արձանագրությունների վերաբերյալ։

Առաջիկա քննարկման առիթով հայտարարություն է տարածել նաեւ Ամերիկայի հայկական համագումարը։

«Համագումարն ակնկալում է, որ առաջադրված Ռիքարդոնեն առնվազն կհորդորի Թուրքիային` վերջ դնել մերժման քաղաքականությանը եւ հաշտվել ցեղասպանության իր ժառանգության հետ», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Համագումարը, ըստ Արդունիի, նաեւ ապագա դեսպանից ակնկալում է ճնշում գործադրել, որպեսզի «Թուրքիան դադարեցնի Հայաստանի` շուրջ 2 տասնամյակ շարունակվող շրջափակումը եւ իրականացնի Հայաստանի հետ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու միջազգային պարտավորությունները»:

«Լավ կլինի, որ դեսպան Ռիքարդոնեն հետեւի դեսպան Հենրի Մորգենթաուի ավանդույթներին եւ առաջ տանի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետեւանքների ընդունման գործընթացը», - նշված է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության մեջ։

Հուլիսի 22-ին նույն հանձնաժողովը քննարկելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելուց եւ հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո այս թեկնածությունները պետք է հաստատման դրվեն ԱՄՆ-ի Սենատում:
XS
SM
MD
LG