Մատչելիության հղումներ

Հուլիսի 20-ի մամուլ


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Կապիտալ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀՇ-ի համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին. - «Ելույթն ինձ չզարմացրեց, քանի որ այդ ամենը Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր դեռ 90-ականներին: Ես զարմացել էի, երբ 2007 թվականին քաղաքական դաշտ վերադարձած Տեր-Պետրոսյանը խոսեց ավելի ժողովրդավարական եւ ժողովրդական դիրքերից։ Ես սխալվեցի, սխալվեցի հազարավոր մարդկանց նման, որոնք հավատացել էին նրան։ Այս ամենի մեջ ինձ անհանգստացնում է նաեւ այն, որ Տեր-Պետրոսյանը խոսում է իրապաշտության մասին, իսկ ես կարծում եմ, որ այն, ինչ նա համարում է իրապաշտություն, սովորական քաղքենիություն է՝ քաղաքական քաղքենիություն։ Ահա թե ինչու եմ հիշում «Սերգո ջան» խրատը, քանի որ այդ խրատը դարձավ հայոց քաղքենիության հիմքը, այդ սերգոջանները արդեն 15 տարի է` ապրում են այս կարգախոսով` հարմարվելով, պնակալեզությամբ ու ստորաքարշությամբ։ Մենք պիտի հասկանանք, որ «սերգոջանների», հարկային տեսուչների ու քաղքենիների ազգ չենք, դրանք կան, սակայն մենք ամբողջությամբ դրանցից չենք կազմված։ Ցավը պարզապես այն է, որ մեր երեք նախագահներն էլ բուծում են, խրախուսում են ու կրողն են այդ քաղքենիության»։

Նույն խնդրին անդրադարձել է նաեւ «Հայոց Աշխարհ»-ը. - «Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի ներքին խնդիրների մասին «մի քանի խոսք» ասելու իրավունքն էլ էր իրեն վերապահել։ Այո, փոխվել են ժամանակները, մի երկու տարի առաջ արմատականների հետախուզությունը միանգամայն այլ ուղղությամբ էր աշխատում, ուշացումով «բացահայտում» էին իրավապահների ինչ-ինչ գործողություններ, դատախազությունից թռցրած հանձնարարականը Տեր-Պետրոսյանն անձամբ էր ընթերցում ասուլիսում ու փորձում պատռել վարչախմբի դեմքը։ Իսկ հիմա ստիպված են զգոնություն պահպանել ՀԱԿ-ի ներսում. ժուչոկներ տեղադրել, հետեւել, տեսնել, թե անդամ որ կուսակցությունն է գաղտնի կապ պահպանում իշխանությունների հետ, երկուսի «վնասարարությունը» ինչ նպատակով է արվում եւ այլն»։

Իսկ «Չորրորդ իշխանություն»-ը այլ կերպ է մեկնաբանում նույն ելույթը. - «Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը առաջին հայացքից հակասության մեջ է նաեւ Կոնգրեսի «պատշոնական քաղաքականության» հետ: Փաստորեն, մի կողմից ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, մյուս կողմից` Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե իշխանափոխությունը որեւէ արդյունք չի ունենա, քանի դեռ ղարաբաղյան խնդիրը ու հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվել: Ստացվում է, որ ՀԱԿ-ի ձգտում է իշխանության, որպեսզի օր առաջ լուծի այդ հարցերը: Իսկ նման եզրակացությունը, համաձայնվեք, հազիվ թե կավելացնի Կոնգրեսի համակիրների թիվը: Ի՞նչ է ասում Տեր-Պետրոսյանը: Ասում է, որ անպայման պիտի լուծել ղարաբաղյան խնդիրը ու կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, այլապես Հայաստանը հեռանկար չունի: Իսկ այդ հարցերը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ, ընդ որում` ինչքան Հայաստանն ավելի նորմալ պետություն լինի, այնքան բանակցությունների սեղանի շուրջ մեր դիրքերը ամուր կլինեն, եւ այնքան ավելի նպաստավոր պայմաններով կկարգավորվեն այդ խնդիրները: Իսկ Հայաստանը այդպիսի ամուր դիրքեր կարող է ունենալ միայն իշխանափոխության շնորհիվ, որովհետեւ այս իշխանությունները կարծես թե չեն ցանկանում կամովին Հայաստանը նորմալ երկիր դարձնել»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Առաջին նախագահի ելույթում կան նաեւ որոշ թերասացություններ: Մասնավորապես, իրավացիորեն նշելով, որ ո'չ միջազգային հանրությունը, ո'չ ՀԱԿՊ-ը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Ադրբեջանի համար, եթե վերջինս որոշի պատերազմ սկսել, առաջին նախագահը նշում է նաեւ, որ մեր բանակի գործոնը նույնպես չի կանգնեցնի հակառակորդին: Նախ` այս գործոնը ես չէի դնի մյուս երկուսի շարքում: Երկրորդ` ճիշտ է, որ Ալիեւը կարող է այնքան անխոհեմ գտնվել եւ հարձակվել Ղարաբաղի վրա, բայց ես վստահ եմ, որ ադրբեջանական բանակին իսկապես չի հաջողվի մեզ ծնկի բերել: Հավանաբար, պատերազմ չսկսելու պատճառներից մեկը հենց այդ փաստի գիտակցումն է: Երկրորդ թերասացությունը վերաբերում է ՀՀՇ-ի ներքին խնդիրներին: Խոսք բացելով իշխանությունների «ճղճիմ վնասարարության» մասին` Տեր-Պետրոսյանը այդպես էլ չասաց` արդյոք Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը այդ վնասարարության գործիքնե՞րն են: Այսպիսով, նրանք ո'չ արդարացվեցին, ո'չ դատապարտվեցին, եւ կասկածները այդ մարդկանց վրայից չհանվեցին: Անորոշությունը դժվար թե նպաստի այդ կուսակցության արդյունավետ գործունեությանը»:

«Իրատես de facto» թերթը գրում է. - «Երեկ իշխանական եւ ընդդիմադիր մի շարք շրջանակներ խիստ անհանգստացած էին: Արա Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը անսպասելիորեն փոխել էր իր այցի գրաֆիկը եւ դրա ավարտին հանդիպել էր ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ»: Լուրի իսկությունը եւ «մնացածը» լրագրողը փորձել է ճշտել անձամբ ՀԿԺ-ի առաջնորդից: Ստեփան Դեմիրճյանը ասել է, որ, այո, պարոն Ժուկովը այցելել է իրենց տուն` կնոջ հետ, թեյ են խմել, մեկ ժամ անչափ ջերմ մթնոլորտում զրուցել են, հետո այնտեղից Ժուկովները մեկնել են ուղիղ օդանավակայան»: Հարցին, թե հանդիպումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի ունեցել, Դեմիրճյանը պատասխանել է. - «Ոչ մի: Դեմիրճյանների ու Ժուկովների ընտանեկան բարեկամությունը շատ վաղուցվա պատմություն ունի, եւ ամենամեծ ցանկության դեպքում իսկ նման ենթատեքստ գտնել հնարավոր չէ»: «Այնպես որ, ե'ւ ընդդիմությունում, ե'ւ իշխանությունում կարող են հանգիստ շունչ քաշել», - եզրակացնում է լրագրողը:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG