Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան»-ի գլխավոր մրցանակը բաժին հասավ թուրքական ֆիլմին


Սերժ Ավետիքյանը, Ատոմ Էգոյանը եւ Հարություն Խաչատրյանը հանձնում են «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնի մրցանակները:

Սերժ Ավետիքյանը, Ատոմ Էգոյանը եւ Հարություն Խաչատրյանը հանձնում են «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնի մրցանակները:

Ավարտվեց «Ոսկե Ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը, որի միջազգային խաղարկային մրցույթում գլխավոր մրցանակակիր դարձավ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը: Նույն մրցույթի 2-րդ մրցանակակիրը Սերգեյ Լոզնիցան է` «Իմ ուրախություն» ժապավենով:

Միջազգային խաղարկային ժյուրիի անդամ, ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոնը նշեց, որ հաղթող ֆիլմերը ակնհայտորեն լավն էին, եւ ժյուրիի համար ընտրությունը բարդ չէր:

«Ոսկե Ծիրան»-ի միջազգային վավերագրական մրցույթում առաջին եւ երկրորդ տեղերը նվաճեցին համապատասխանաբար` Պավել Կոստոմարովի «Երկուսով» եւ Վադիմ Յենդրեյկոյի «Հինգ փղերով կինը» ֆիլմերը:

Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, կինոքննադատ Լուչանո Բարիզոնեն նշեց, որ ժյուրին քիչ թե շատ հետաքրքրությամբ դիտել է 14 ֆիլմ եւ սեւեռվել երկուսի վրա: - «Բացի նյութից, բովանդակությունից եւ մատուցման ձեւից, մեր չափանիշներից էր նաեւ զգացմունքը, որ ապրում ես ֆիլմը դիտելիս, երբ քո առջեւ տեսնում ես իրական մարդուն»:

«Հայկական համայնապատկեր» մրցույթի ոսկե ծիրանը նվաճեց երեւանցի ռեժիսորներ Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը: Իսկ նույն մրցույթում արծաթե ծիրանի արժանացավ Բեյրութում ծնված ռեժիսոր Կոմս Շահբազյանը` «Այստեղ` ներքեւում» ֆիլմի համար:

Այս տարի նորույթ էր Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակը, որը շնորհվեց «Հայկական համայնապատկեր»-ում ներկայացված Մարատ Սարգսյանի «Լեռնավան» ֆիլմին: Նույն աշխատանքը արժանացավ նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի սահմանած մրցանակին` լավագույն կարճամետրաժ ֆիլմ:

7-րդ «Ոսկե Ծիրան»-ը ամփոփվեց Սերժ Ավետիքյանի` Կանն 2010-ի մրցանակակիր «Շների կղզի» ֆիլմի ցուցադրությամբ:

XS
SM
MD
LG