Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին Եվրամիության – Հայաստան բանակցությունները


Եվրամիության բանակցային խմբի ղեկավար Գունար Ուիգանդը եւ Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 19-ը հուլիսի, 2010թ.

Եվրամիության բանակցային խմբի ղեկավար Գունար Ուիգանդը եւ Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 19-ը հուլիսի, 2010թ.

Երկուշաբթի օրը Երեւանում սկսվեցին Եվրամիության – Հայաստան գործակցության շուրջ բանակցությունները:

Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի խոսքով` բանակցությունների արդյունքում կնքվելիք համաձայնագիրը «նպատակ է ունենալու խորացնել Եվրամիության հետ [Հայաստանի] քաղաքական ասոցիացումը եւ խթանել տնտեսական ինտեգրումը»:

Այդ գործընթացը, Ղազինյանի խոսքով, հաշվի առնելով բաղադրիչներն ու քննարկվող հարցերի շրջանակը, կարող է տարիներ տեւել:

«Իհարկե, յուրաքանչյուր երկրի հետ Եվրոպական միությունը Ասոցիացման համաձայնագրեր ստորագրում է ըստ պահանջների, ըստ կարիքների, եւ չի կարելի ասել, թե եթե մի երկրի հետ այսքան է տեւում, ապա մյուսի հետ էլ այդքան կտեւի: Արդեն ներկայացված են այն ոլորտները, որոնցով պետք է սկսենք, եւ դժվար է ասել, թե ինչքան կտեւի դա... Կարեւորն այն է, որ [բանակցությունները] սկսվել են, եւ մենք պատրաստ ենք այդ ուղուն, պատրաստ ենք ամեն ջանք թափել, որպեսզի այն ուղենիշները, որ ունենք Եվրոպական միության հետ, շարունակենք եւ հաջող ավարտի հասցնենք», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի կողմից գլխավոր բանագնաց Կարինե Ղազինյանը:

Եվրամիության բանակցային խմբի ղեկավար Գունար Ուիգանդը, իր հերթին, բանակցությունների տեւողության վերաբերյալ ասաց. - «Սա շատ հավակնոտ եւ հեռուն գնացող համաձայնություն է, որը երկարաժամկետ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության կազմակերպման եւ բարեփոխումների գործընթացի վրա, որի արդյունքում Հայաստանը ավելի քան երբեւէ կմոտենա Եվրամիությանը: Ուստի միանշանակ սխալ կլինի այժմ ինչ-որ արհեստական ժամկետ սահմանելը»:

Ուիգանդի խոսքով, Եվրամիությունը շահագրգռված է «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված պետությունների հետ ծավալված գործընթացի հաջողությամբ. - «Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ինձ խնդրել է փոխանցել Եվրամիության ռազմավարական շահագրգռվածությունը Հարավային Կովկասում կայունության, բարգավաճման եւ ժողովրդավարական հարցերում»:

Ավելի ուշ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ուիգանդը նշեց, որ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը հանգեցնելու է Հայաստանի համար առեւտրի եւ մարդկանց տեղաշարժի ազատականացմանը: Նրա խոսքով, քաղաքացիների տեղաշարժի հետ կապված առանձին համաձայնագրերը կարող են ավելի շուտ կնքվել, քան Ասոցիացման համաձայնագիրը: Ավելին` այդ հարցում որոշակի առաջընթաց է հնարավոր այս տարի:

«Համաձայնագրերից մեկը վերաբերելու է վիզային ռեժիմի դյուրացմանը, եւ դրա արդյունքում կարող են նվազել վիզաների գները բոլոր հայերի համար, ինչպես նաեւ` արտոնություններ տրվել բազմակի մուտքի վիզաների համար: Հաջորդ համաձայնագիրը վերաբերելու է ռեադմիսիային: Չեմ կարող կանխատեսել, որ դրանք կհաստատվեն այս տարի, սակայն վստահ եմ, որ այս հարցերի շուրջ բանակցություններ սկսելու մանդատը Եվրամիության անդամ պետություններից մենք կստանանք», - ասաց նա:

Տնտեսական համագործակցության ոլորտում Ասոցիացման համաձայնագիրը պետք է ներառի նաեւ «խորը եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի ստեղծում»: Ուիգանդը նշեց, որ մտահոգություն չունի, թե դրա արդյունքում կշահեն ոչ թե սովորական մարդիկ կամ գործարարները, այլ մոնոպոլիաները եւ օլիգոպիլիաները:

«Մենք նպատակ չունենք արտոնյալ պայմանների մեջ դնել մոնոպոլիաներին: Հակառակը` ձգտում ենք հասնել նրան, որ Հայաստանում ստեղծվի ազատ մրցակցային դաշտ, որ շուկան փակ չլինի, եւ Եվրամիության անդամ 27 պետությունների ղեկավարները շահագրգռված լինեն այստեղ բիզնես անել: Բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու համար որոշակի զոհաբերություններ պետք է արվեն: Կարծում եմ, Հայաստանի կառավարությունը ունի քաղաքական կամք դա անելու», - ասաց Եվրամիության բանակցային խմբի ղեկավարը:

Հայաստանը, նրա խոսքով, պարտավորվել է բարեփոխել մի շարք պետական կառույցներ, սակայն այդ գործընթացով առայժմ չի նախատեսվում դատական եւ ընտրական համակարգերի բարեփոխումը: Եվրամիությունը, այդուհանդերձ, «մեծ ուշադրություն է դարձնում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրներին»:

«Համաձայն չեմ քննադատությանը, թե մենք բավարար ուշադրություն չենք դարձնում այս խնդիրներին», - շարունակեց նա: - «Պարբերաբար արձանագրում ենք առաջընթացը կամ դանդաղումը մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող այս հարցերում: Միաժամանակ ուզում եմ ասել, որ մենք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերը երբեք չենք կապում տարածաշրջանային եւ Հայաստանի արտաքին քաղաքականության բազմաշետ խնդիրների հետ»:

Գումար Ուիգանդին այսօր հանդիպումներ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:
XS
SM
MD
LG