Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանական ուժերը արձագանքում են Տեր-Պետրոսյանի ելույթին


ՀՀՇ-ի 16-րդ համագումարում: Երեւան, 17-ը հուլիսի, 2010թ.

ՀՀՇ-ի 16-րդ համագումարում: Երեւան, 17-ը հուլիսի, 2010թ.

Հայաստանի խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքները հնչեցրին շաբաթավերջին ՀՀՇ-ի համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ:

Արձագանքելով Հայաստանի առաջին նախագահի պնդմանը, թե «իշխանությունները փորձել են ճեղքվածք առաջացնել» ՀՀՇ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարեց, թե իշխանություններն ու ՀՀԿ-ն «որեւէ կուսակցության ներսում պառակտողական աշխատանքներ չեն տարել եւ չեն տանում». - «Բնականաբար, այդ մեղադրանքները մենք չենք ընդունում, դա անհեթեթություն է»:

Տեր-Պետրոսյանը իր ելույթում նշել էր, որ առանց ղարաբաղյան հարցի լուծման «Հայաստանը անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի», եւ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է»:

ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Զոհրաբյանը համաձայն չէ նաեւ այս պնդումներին:

«Մենք այս շրջափակման պայմաններում ունեցել ենք զարգացում` առանց հայ-թուրքական հարաբերությունը զարգացնելու եւ առանց Ղարաբաղի հարցում զիջումներ անելու», - փաստարկեց իշխող կուսակցության փոխնախագահը` շարունակելով. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկնում է 98 թվականի իր մոտեցումները»:

Իսկ ընդհանուր առմամբ, Զոհրաբյանը դրական է գնահատում Հայաստանի առաջին նախագահի այս ելույթը. - «Այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում չկային այն հայհոյանքները` ավազակապետություն եւ այլն, չկային ընտրությունները կեղծելու մասին շեշտադրումներ: Այդ առումով բավականին դրական է»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հոհաննիսյանը, մինչդեռ, խիստ քննադատության ենթարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Բոլոր նրանք, ովքեր հիշում են 90-ական թվականների Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ մի նոր բան չլսեցին: Բացարձակապես պարտվողական դիրքորոշում էր, ընդ որում` պարտվողական ոչ միայն թուրքերի ու ադրբեջանցիների, բայց նաեւ իշխանությունների նկատմամբ: Հիմնականում ելույթը կրկնում է«Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչեւ Ղարաբաղի հարցում զիջումներ չանենք...»:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է` Հովհաննիսյանը «անընդունելի» որակեց այդ մոտեցումը. - «Սա հակասում է մեր ազգային շահերին եւ մեր ազգային զարգացման հեռանկարներին»:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Հայաստանի եւ Ղարաբաղի զարգացումը ղարաբաղյան հակամարտության հետ կապելը «անընդունելի է եւ վտանգավոր»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:


«Սա շատ վտանգավոր է: Ես ինքս կհորդորեի բոլորին զերծ մնալ եւ ձեռնպահ մնալ Ղարաբաղը մեր զարգացումների արգելակ ներկայացնելուց: Ավելորդը մեր առօրյայում Լեռնային Ղարաբաղը չէ, որպեսզի այն հանձնենք եւ լավ ապրենք: Ցավոք, կար այդ տոնայնությունը, կար այդ բաց ուղերը [Տեր-Պետորսյանի ելույթում]: Այն դեպքում, երբ մեր բոլորիս զարգացման գրավականը, դա բոլորիս համար արդար խաղի կանոններ հաստատելն է»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG