Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը հանդես է եկել Իրանի հետ համագործակցության խորացման օգտին


Հուլիսի 17-ից 18-ին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի եւ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթհաքիի հետ:

Պաշտպնության նախարարության հաղորդագրության համաձայն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես, երկուստեք կարեւորվել են հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները եւ ընդգծվել են դրանց զարգացման լայն հնարավորությունները:

Tehran Times-ի փոխանցմամբ, Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ հանդիպումից հետո տված համատեղ ասուլիսում Հայաստանի պաշտպանության նախարարը կարեւորել է երկկողմանի հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ ասելով, որ տարածաշրջանում ծագող ճգնաժամերը կարելի է հաղթահարել միայն կառուցողական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության միջոցով։

Իր հերթին Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ պետք է ստեղծել «միջ-տարածաշրջանային մեխանիզմ», որը կօգնի հաղթահարել տարածաշրջանային ճգնաժամերը։

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, ով նույնպես հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ, ասել է, որ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը եւ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի ներխուժման վտանգները այն հիմնական խնդիրներն են, որոնք սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը եւ համագործակցության կոչ է արել՝ ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG