Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Իրան


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, երկօրյա այցն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով:

Նախատեսված են նախարար Օհանյանի բանակցությունները Իրանի իր պաշտոնակցի հետ, ինչպես նաեւ հանդիպումներ` Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ:

Ըստ նույն աղբյուրի, քննարկվելու են տարածաշրջանային, միջազգային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հայաստանի պաշտպանության նախարարի` Իրան կատարելիք այցի մասին երեկ տարածված պաշտոնական հաղորդումը համընկավ մեկ այլ իրադարձության հետ` իր նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին: Զրուցակիցները, ըստ նախագահի մամլո գրասենյակի, մասնավորապես, քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին վերաբերող հարցեր:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի Իրան կատարելիք այցի մասին հաղորդվում է ճիշտ այն օրը, երբ երկրի նախագահը հյուրընկալում է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային, հատկապես, հաշվի առնելով, որ Իրանի նկատմամբ այդ երկրի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային նոր` ավելի խիստ պատժամիջոցների մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բանաձևի ընդունումից ընդամենը հաշված օրեր են անցել:

Սակայն, առավել ուշագրավ է մեկ այլ` բավականաչափ նուրբ հանգամանք. Սեյրան Օհանյանը, փաստորեն, Իրան է մեկնում մի մարդու հրավերով, ով մի քանի երկրների կողմից կասկածվում է ահաբեկչություն կատարելու մեջ ու ներկայումս ընդգրկված է Ինտերպոլի կայքէջում տեղադրված հետախուզվողների ցուցակում:

Իրանի ներկայիս պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիին 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական կենտրոնի պայթեցման գործով հիմնական կասկածյալ են համարում Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արգենտինան եւ Իսրայելը: Ահաբեկչական այդ գործողությանը զոհ էին գնացել 85 մարդ: Նշված բոլոր երեք երկրներն իրենց խիստ դժգոհությունն էին հայտնել Վահիդիին նախարար նշանակելու` նախագահ Ահմադինեջադի որոշման կապակցությամբ, սակայն Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, Հայաստանի պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, թե արտառոց ոչինչ չկա Սեյրան Օհանյանի այցի մեջ:

«Բոլորն էլ հասկանում են, որ Իրանն ու Հայաստանը հարեւան երկրներ են, որոնք շահագրգիռ են նորմալ հարաբերություններ ունենալու մեջ», - փոխանցեցին պաշտպանության նախարարությունից` հավելելով, որ Օհանյանի այցը լինելու է միանգամայն բաց:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայ-իրանական կապերի ակտիվացումը պայմանավորեց Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումներով. - «Այն, որ պաշտոնական Երեւանը գնում է Իրանի հետ կապերի այսպիսի ակտիվացման, վկայում է, որ ստատուս քվոն տարածաշրջանում պաշտպանելու համար մեր իշխանությունները պատրաստ են ընդհանուր շահեր եւ անելիքներ փնտրել բոլոր շահագրգիռ ուժերի հետ` անկախ նրանից, թե ինչ համարում եւ համբավ ունեն նրանք»:

Փորձագետն այս ամենի մեջ նաեւ Ռուսաստանի դերակատարությունն է տեսնում. - «Կրեմլը պաշտպանեց պատժամիջոցներն Իրանի դեմ, սակայն վերջին օրերին տարբեր ռուս պաշտոնյաներ սկսեցին խոսել ռուս-իրանական կապերի շարունակականության մասին` հաշվի չառնելով այդ պատժամիջոցները: Ռուսաստանի կովկասյան շահերի ավանդական ընկալման տեսակետից Կրեմլի եւ Թեհրանի շահերը տարածաշրջանի ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ համընկնում են: Սակայն, այսպես կոչված վերաբեռնման գործընթացն Արեւմուտքի հետ շարունակվում է, ուստի, ստատուս քվոն պահպանելու գործը կարելի է անել նաեւ Իրանի ձեռքերով, ինչի գինը Կրեմլի դիրքորոշման որոշակի փափկացումն է»:

Հարցին, թե արդյո՞ք այդ միտումները վտանգավոր կարող են լինել Հայաստանի համար, փորձագետը պատասխանեց. - «Կարծում եմ, որ Հայաստանի ներքաշումը նման կասկածելի խաղի մեջ որեւէ տեւական արդյունք տալ չի կարող, իսկ բացասական հետեւանքները կարող են բավականին ցավոտ լինել մեր երկրի համար»:

Վերջում հիշեցնենք, որ 2007 թվականին Հայաստան էր այցելել Իրանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Մուստաֆա Մոհամմադ Նաջարը, ով իր հայ պաշտոնակից Միքայել Հարությունյանի հետ Երեւանում ստորագրել էր համագործակցության հուշագիր:
XS
SM
MD
LG