Մատչելիության հղումներ

Հուլիսի 17-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը կրկին անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին. - «Սերժ Սարգսյանի պատկերացմամբ` այս գործարքի կայացման դեպքում Հայաստանը Ցեղասպանության ուրացման դիմաց կստանար Թուրքիայի հետ բաց սահման, եւ դրանով իսկ` Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահպանելու անսահմանափակ հնարավորություն (ինչի՞ց պետք է վախենանք, եթե շրջափակում չկա, հարեւաններն էլ չեզոք են): Առաջարկը գայթակղիչ էր, եւ թուրքական կողմը, ըստ երեւույթին, սկզբում համաձայնվեց, բայց հետագայում, երբ ինչ իրեն պետք էր, արդեն ստացել էր, ու ադրբեջանցիների հիստերիան էլ արդեն գագաթնակետին էր հասել, փոշմանեց ու լրացուցիչ պայմաններ առաջ քաշեց` որպես արձանագրությունների վավերացման նախապայման պահանջելով ազատագրված տարածքներից «գոնե երկուսի» վերադարձը: Այսինքն, գործընթացի ծախողման մեղավորը իսկապես թուրքական կողմն է: Բայց արդյո՞ք դա որեւէ չափով արդարացնում է Սերժ Սարգսյանին... Ցանկության դեպքում կարելի էր Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որ ստիպված չլինեինք Ղարաբաղը պահելու համար «Թուրքիայի դռները ընկնել»: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանի համար այդպես ավելի դժվար կլիներ: Ստիպված պիտի լիներ Հայաստանի ներսում ինչ-որ բաներ փոխել»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում պատգամավոր Վարդան Բոստանջյանը (ՀՀԿ) ասել է. - «Պնդում եմ, որ որքան էլ Վրաստանը հուզված լինի, երբ գազամուղը վաճառելու ժամանակ հայտնվեն Հայաստանի ու տարածաշրջանային այլ երկրների համար անցանկալի գնորդներ, բացառվում է, որ գործարքը տեղի ունենա։ Երբ մեր իշխանությունները, առանց այսքան երկար բացատրելու, պնդում են, որ տագնապելու կարիք չկա` հենց այս գործոններն ու հանգամանքները նկատի ունեն։ Տնտեսական զարգացումներում քաղաքական գործոնները միշտ են կարեւորվում։ Մի քանի ամիս առաջ, երբ անհրաժեշտ էր խոշոր ներդրումներ ներգրավել նոր միջուկային էլեկտրակայանը կառուցելու համար, մեր իշխանությունները ակնարկեցին, որ հնարավոր են համարում նույնիսկ Թուրքիայի մասնակցությունը։ Այս քայլը անհրաժեշտ էր` բոլոր հնարավոր հետաքրքրությունները պարզելու եւ իրավիճակները ճշգրտելու, ռազմավարական լուծումները հաշվարկելու համար»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Այսօր Վարդան Օսկանյանը ակտիվ զբաղվում է հասարակական սեկտորով եւ բավական լավ է զբաղվում. փորձում է Սիվիլիթասի շուրջ համախմբել մի շարք հասարակական կազմակերպությունների: Երեկ կազմակերպված քննարկման վերջում Վարդան Օսկանյանը սրտնեղեց, որ իր միջոցառումը լուսաբանող հեռուստաընկերություններ համարյա չկան, եւ հանդես եկավ հայտարարությամբ: Ուրախալի է, իհարկե, որ պարոն Օսկանյանը հեռուստաընկերությունների ջատագով է դարձել, սակայն թերեւս ճիշտ կլիներ, որ նա նույն ջերմեռանդությամբ պայքարեր իր պաշտոնավարման ժամանակ, երբ փակվեց «Ա1+»-ը: Հիմա, փաստորեն, նախկին արտգործնախարարը, որ դժգոհում է, թե Հանրայինը չի անդրադառնում Սիվիլիթասի նախաձեռնություններին, վայելում է իր պաշտոնավարման ժամանակաշրջանի պտուղներից մեկը: Ապրում է այնպիսի Հայաստանում, որը նաեւ ինքն է կառուցել»:

«168 ժամ»-ը զրուցել է ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ձեր կարծիքով` հաջորդ խորհրդարանում ո՞ր ուժերը ներկայացված կլինեն»: Զոհրաբյանը պատասխանում է - «Հանրապետական կուսակցությունը կանցնի իր կոալիցիոն թեւերով: Կաջակցի, որ նրանք էլ անցնեն: Ենթադրաբար ասում եմ, որ իշխանություն – ընդդիմություն հարաբերակցությունը 60-40 կլինի: Բնականաբար, կենտրոնը ՀՀԿ-ն է լինելու, նրա շուջը` կոալիցիոն մի քանի ուժեր: Ընդդիմադիր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը պետք է աշխատեն այդ 40 տոկոսը բաժանել»: Հարցին, թե հնարավոր համարում է, որ ՀՀԿ-ից, «Բարգավաճ Հայաստան»-ից եւ «Օրինաց երկիր»-ից բացի, կոալիցիային այլ ուժեր էլ միանան, Զոհրաբյանը արձագանքում է. - «Չեմ կարող ասել, բայց մենք ` ՀՀԿ-ն եւ կոալիցիան, մեր վերահսկիչ փաթեթը պահելու ենք, որովհետեւ մենք մեր պետության մեջ չենք տեսնում հստակ ձեւավորված այլընտրանքային ուժ, որը կարող է իր վրա վերցնել բոլոր պարտականությունները ներքին հասարակական-տնտեսական կյանքում եւ արտաքին հարաբերություններում»:

Լեզվի եւ կրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ «Առավոտ»-ը զրուցել է Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: «Թաիլանդի դպրոցի հայտարարությունը, թե մտադրություն չունի դպրոց բացել Հայաստանում [ապա դրան ավելացավ նաեւ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը], բավական «խուճուճ» իրավիճակ է ստեղծել», - գրում է «Առավոտ»-ը` շարունակելով. - «Այս կապակցությամբ Արտակ Դավթյանը ասաց, որ ի սկզբանե եւս խոսքը գնում էր երկու դպրոցի մասին` Ռուբեն Վարդանյանի եւ Թաիլանդի: «Ըստ էության, օրենսդրական այս նախաձեռնությունը, մասնավորի հատվածում, հենց այս երկու առաջարկությունների բավարարմանը միտված օրենսդրական նախաձեռնություն էր: Հիմա ասում եք` չի բացվի: Եթե չբացվի, ուրեմն չի բացվի: Ես կարծում եմ, առավել ճշգրիտ այդ մարդիկ կարող են ասել, թե ինչն է պատճառը, որ հրաժարվում են: Բայց չպիտի նաեւ բացառենք, որ պատճառ կարող են հանդիսանալ այն բուռն քննարկումները, որ ծավալվեցին հանրապետությունում: Բնական է, որ հանրային կարծիքը միանշանակ կողմ կամ դեմ չէր: Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը, անկախ ամեն ինչից, արդեն իսկ հաղթանակել է: Որովհետեւ այն, ինչ կատարվեց, բուռն դեբատների արդյունքում կատարվեց»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG