Մատչելիության հղումներ

«Հակամարտությանը վերջ տալու գլխավոր պատասխանատվությունը կրում են ադրբեջանցի եւ հայ առաջնորդները»


Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Ղազախստանում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: 17 հուլիսի, 2010 թ.

Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Ղազախստանում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: 17 հուլիսի, 2010 թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը շաբաթ համատեղ հայտարարություն են տարածել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը Ղազախստանում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդիպման ավարտին տարածած իրենց հայտարարությունում վկայակոչել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի արտգործնախարարների աթենքյան հանդիպմանն ընդունված համատեղ հայտարարությունը` հիշեցնելով կողմերին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում համաձայնության գալու վերաբերյալ իրենց հանձնառությունները, մասնավորապես՝ զերծ մնալ ուժի կամ դրա գործադրման սպառնալիքից, [հավատարիմ մնալ] պետությունների տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին։

Նրանք ընդգծել են, որ 2009 թվականի հուլիսի 10-ին իտալական Ակվիլայում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Նիկոլա Սարկոզիի եւ Բարաք Օբամայի ձեւակերպած եւ հունիսի 26-ին Մուսկոկայում վերահաստատած տարրերը պետք է հակամարտության «արդար եւ երկարատեւ կարգավորման հիմքը լինեն»։

Առաջարկվող տարրերը ընկալվել են որպես մեկ ամբողջություն, եւ որեւէ տարրի` մյուսների նկատմամբ որպես գերակա ընտրելու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը։

Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Ստեյնբերգը երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կողմերի միջեւ տարաձայնությունները հաղթահարելու նպատակով ներդրած ջանքերի համար՝ հաշվի առնելով այս տարվա հունվարի 25-ին Սոչիում եւ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում քննարկված իրավիճակը։

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են, որ մինչեւ օրս հակամարտության կողմերի ձեռնարկած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար։ Նրանք զգուշացրել են, որ ուժի գործադրումն է ստեղծել ներկա իրավիճակը, եւ դրա կրկնությունը կարող է հանգեցնել միայն «տառապանքների, կործանման եւ հակամարտության ու թշնամանքի սերնդեսերունդ փոխանցման»։

Հայտարարության հեղինակները կոչ են արել ամրապնդել փոխզիջման ոգին՝ «բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ ընդհանուր հիմքի վրա համաձայնության հասնելու նպատակով»։

«Կողմերը լրացուցիչ գործողություններ պետք է ձեռնարկեն 1994 թվականի հրադադարն ամրապնդելու եւ հետագա քաղաքական երկխոսության եւ համաձայնությունների հասնելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով», - ասված է հայտարարությունում։

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հաստատել են իրենց աջակցությունը կողմերին` խաղաղ ճանապարհով համաձայնության հասնելու համար, սակայն նշել են, որ ղարաբաղյան հակամարտությանը վերջ տալու գլխավոր պատասխանատվությունը կրում են ադրբեջանցի եւ հայ առաջնորդները։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG