Մատչելիության հղումներ

Ալմաթիում հանդիպում են ԵԱՀԿ-ի արտգործնախարարները


Ուրբաթ օրը Ալմաթիում մեկնարկող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցում են կազմակերպության բոլոր 56 անդամ երկրների նախարարները, 12 գործընկեր երկրների ներկայացուցիչներ:

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների քննարկման հիմնական թեման Ղրղըզստանն է: Հունիսին Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած բախումներից հետո դիվանագետները քննարկում են երկրում ԵԱՀԿ-ի սահմանափակ ոստիկանական առաքելություն տեղաբաշխելու հարցը` իրավիճակի կայունացմանը օժանդակելու նպատակով:

Օրակարգում են նաեւ Աֆղանստանի հետ համագործակցության խնդիրներ ու եվրոպական եւ եվրասիական անվտանգության թեման:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արդեն մեկնել է Ալմաթի: Արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես տեղեկություններ չի հաղորդում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ Էդվարդ Նալբանդյանի ակնկալվող հանդիպման վերաբերյալ: Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ միջնորդները նման հնգակողմ հանդիպում կազմակերպում են:

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախօրեին Մամեդյարովը Բաքվում հրապարակել է բանակցային գործընթացի մի շարք կարեւոր դրվագներ` հայտարարելով, թե «Ադրբեջանը համաձայն է Հայաստանի կողմից գրավված Քելբաջարի ու Լաչինի շրջանները հինգ տարում վերադարձնելու մասին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկին»: Ըստ նրա` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպմանը Ռուսաստանը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնց թվում եղել է նաեւ այս շրջանների վերադարձի հարցը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «բացահայտ սուտ» է որակել Էլմար Մամեդյարովի այս հայտարարությունը: «Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների սանկտպետերբուգյան հանդիպման ընթացքում», - Հանրային հեռուստաընկերությանը ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի շրջանակներում Ալմաթիում կայանալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից, հանդիպման գլխավոր թեման է լինելու իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Zaman պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ օրը հայտարարել է, թե թուրքական կառավարության կարծիքով` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերի վրա:

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հարցմանը իր գրավոր պատասխանում Դավութօղլուն, մասնավորապես, նշել է. - «Մենք տեսանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ անցկացվող բանակցությունները թափ ստացան [հայ - թուրքական] կարգավորման գործընթացից հետո, եւ երկու նախագահները 9 հանդիպում են ունեցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG