Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը երեկ ուշ երեկոյան հաստատել է Հայաստանի գյուղական ճանապարհների վերականգնման արդեն 3-րդ` 40 միլիոն դոլարի ծրագիրը:

Այսպիսով, 2009-ի փետրվարից Համաշխարհային բանկը Հայաստանի մոտ 430 կիլոմետր գյուղական ավտոճանապարհների վերականգնմանը հատկացնում է ավելի քան 100 միլիոն դոլար:

«Առաջին երկուսով վերանորոգվելու է 240 կիլոմետր, եւ այս երրորդ հավելյալ ֆինանսավորմամբ` եւս 190 կիլոմետր ճանապարհ: Դա 9 մարզերում է, ընտրվել են այն ճանապարհները, որոնք հատկապես անանցանելի են», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ենթակառուցվածքների գծով պատասխանատու Անի Բալաբանյանը` շարունակելով. - «Կենսական նշանակության ճանապարհ ասելով` նկատի ունեն գյուղական համայնքը ինչ-որ կենտրոնական ճանապարհի` հանրապետական նշանակության կամ մայրուղու կապող ճանապարհ»:

«Այս պահի դրությամբ առաջին երկու ծրագրերով արդեն իսկ վերանորոգվել է մոտ 156 կիլոմետր ճանապարհ, եւ 12 հազար մարդ/ամիս աշխատատեղ արդեն իսկ ստեղծվել է: Երեք ծրագրերով նախատեսվում է, որ 37 հազար մարդ/ամիս աշխատատեղ կստեղծվի», - հավելեց նա:

Համաշխարհային բանկի առաջին երկու վարկային ծրագրերով մինչեւ տարեվերջ կվերանորոգվի եւս 86 կիլոմետր ավտոճանապարհ: Իսկ երրորդ ծրագրով նախատեսված 190 կիլոմետրից (մինչեւ 2013 թվականի դեկտեմբերը) 50-ը կվերանորոգվի այս տարի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է Համաշխարհային բանկի այս ծրագիրը կրկնում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի որոշմամբ դադարեցված շինարարական աշխատանքները Հայաստանում, Բալաբանյանը արձագանքեց. - «Սկզբունքային չի եղել` ինչն է «Հազարամյակի մարտահրավեր»-ից դուրս մնացել, ինչը` ոչ: Այո, կան ճանապարհային կտորներ, որ ի սկզբանե այնտեղ էր նախատեսված: Մեր սկզբունքը եղել է, թե որոնք են ամենավատ վիճակում գտնվող ճանապարհները»:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը, հիշեցնենք, անցած տարվա հունիսին դադարեցրել էր Հայաստանում ճանապարհաշինարարական 64 միլիոն դոլարի ենթածրագրի ֆինանսավորումը, որը նախատեսում էր ավելի քան 900 կիլոմետր գյուղական ճանապարհների հիմնանորոգում: Նման որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին:
XS
SM
MD
LG