Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը ահազանգում է խոշտանգումների մասին


Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսի ժամանակ, 16-ը հուլիսի, 2010թ.
Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսի ժամանակ, 16-ը հուլիսի, 2010թ.
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ մասնավորապես գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ահազանգում են, որ հատկապես ոստիկանության տարբեր բաժանմունքներում գտնվելու ընթացքում քաղաքացիների նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է ցուցաբերվում:

Ըստ Սաքունցի` այդ քաղաքացիների հարազատներից լուրջ դժգոհություններ ու բողոքներ կան արդեն, եւ ստեղծված իրավիճակն ու անպատժելիության մթնոլորտը հղի են լուրջ հետեւանքներով:

«Իրավապահ մարմինները, դատական համակարգը, դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, պաշտպանության նախարարությունը, ես որոշ դեպքերում կավելացնեմ նաեւ հոգեբուժարանները, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ահազանգերին բացարձակապես ուշադրություն չեն դարձնում: Մարդիկ մեր մոտ ենթարկվում են տոտալ եւ անընդհատ բռնությունների, կատարողները մնում են անպատիժ», - հայտարարեց իրավապաշտպանը ուրբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ:

Կազմակերպությունը բռնությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, սպառնալիքների ու հոգեբանական ճնշումների վերաբերյալ ավելի քան 15 դեպք է արձանագրել: Փաստերից 14-ի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս, Սաքունցի պնդմամբ, որեւէ քրեական գործ չի հարուցվել: Նույնիսկ, ըստ իրավապաշտպանի, քրեակատարողական հիմնարկներում չեն գրանցում ոստիկանության բաժանմունքներում կատարված խոշտանգումների փաստերը. - «Արդեն սկսվել է տենդենց, որ կարող է դրանցում գրանցումներ չկատարվեն»:

Լրագրողների հետ հանդիպման էին եկել նաեւ կտտանքների ու հոգեբանական ճնշումների ենթարկված մի քանի քաղաքացիների հարազատներ:

Գողության համար մեղադրվող Իշխան Սերոբյանի մայրը` Սաթենիկը պատմեց, որ 9 ամիս առաջ որդուն ձերբակալել են. - «Տանում են վարչությունում էնքան են ծեծում էդ երեխային` է'լ ուզում է իրեն պատուհանից գցի, է'լ աթոռով են ծեծում, է'լ հայհոյանքներ, հարեւանիս կինն էլ հետն է լինում, կողքի սենյակում է լինում, ես չեմ իմանում, որ երեխային էդ վիճակին են հասցրել»:

Իրենց հարազատների նկատմամբ ոստիկանությունում կատարված բռնությունների մասին պատմեցին այլ մարդիկ եւս` շեշտելով, որ դա արվել է «ցուցմունք կորզելու նպատակով», եւ պնդելով, թե իրենք այդ ամենը անձամբ են լսել:

Թմրամիջոց պահելու համար մեղադրվող տաքսու վարորդ Կոնստանտին Մանուկյանի կինը, օրինակ, պատմեց, թե իր ամուսնուն այնքան էին ծեծել ոստիկանությունում (Նորք – Մարաշ բաժանմունքում), որ նա երեք օր արյուն էր միզում, իսկ այժմ գտնվում է հոգեբուժարանում:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Կոնստանտին Մանուկյանից ստացել են երկու դիմում-բողոք. առաջինը, որ ստացվել էր մեկ ամիս առաջ, ուղարկվել է Երեւանի քննչական վարչություն, իսկ երկրորդը մուտքագրվել է այսօր, ու դրան եւս օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

Իսկ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասսաց. - «Քանի որ Արթուր Սաքունցի ներկայացրած փաստերից որեւէ մեկը հիմնավորված չէ, այս պահի դրությամբ մենք որեւէ մեղադրանքի մասին խոսել չենք կարող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG