Մատչելիության հղումներ

Երեւանում է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Հայաստանում է Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերը, ում այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը::

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ`հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ, ինչը ոչ միայն բխում է Հայաստանի շահերից, այլեւ կարեւոր ներդրում կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման գործում:

Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Կողմերն ընդգծել են, որ դա ոչ միայն մեծ ներդրում է միջազգային հանրության կողմից իրականացվող գործողություններին, այլեւ նպաստում է Հայաստանի զինված ուժերի մարտունակության աճին:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլի վերաբերող հարցեր: Սելեսթ Վոլանդերն ընդգծել է, որ ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին Միացյալ Նահանգներն իր դիրքորոշումն արտահայտում է բոլոր մակարդակներում, եւ ԱՄՆ-ը վստահ է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ժամանակ կարեւորվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում հայ - ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդումը եւ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի զինված ուժերի արդիականացման ու բարեփոխման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG