Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Վոլգոգրադում առաջին անգամ հանդիպել է «ռուսական Օբամայի»` Ջոաքիմ Քրիմային:

Քրիման առաջին աֆրիկացին է, ով պաշտոնապես մասնակցել է Ռուսաստանի ընտրություններին: Անցած տարվա աշնանը սեւամորթ թեկնածուն երրորդ տեղն է գրավել Վոլգոգրադի Սրեդնյայա Ախտյուբա շրջանում անցկացված տեղական ընտրություններում:

38-ամյա Ջոաքիմ Քրիման Պորտուգալիայի նախկին գաղութ Գվինեա-Բիսաուից է, 1989 թվականից ապրում է Ռուսաստանում, Ռուսաստանի քաղաքացի է: Նա ապրում է Սրեդնյայա Ախտյուբայում` հայուհի կնոջ եւ տասնամյա որդու հետ: Քրիման ռուսական անուն է վերցրել` Վասիլի Իվանովիչ: Սեւամորթ ռուսաստանցին հայ աներոջ հետ ձմերուկի գործ է անում:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Պուտինը ոչ միայն հանդիպել է Քրիմային եւ սեղմել նրա ձեռքը, այլեւ հրավիրել է նրան տարածաշրջանային զարգացման հարցերով կառավարական հանձնաժողովի` Վոլգոգրադում անցկացված նիստին:

Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի ժամանակ տարբեր հարցերի քննարկումից հետո Պուտինը դիմել է Քրիմային` հարցնելով. - «Վասիլի Իվանովիչ, որտե՞ղ է լավ աշխատելը` Աֆրիկայո՞ւմ, թե՞ Վոլգոգրադի մարզում»:

Սեւամորթ ռուսաստանցին, շնորհակալություն հայտնելով իրեն ցուցաբերված մեծ պատվի համար, ասել է. - «Կարծում եմ, ավելի լավ է աշխատել ոչ թե հենց Աֆրիկայում կամ Ռուսաստանում, այլ դա կախված է մարդուց: Եթե մարդը իրոք ուզում է ավելի լավ ապրել, նա պետք է միշտ ձգտի ինչ-որ բանի»:

«Կեցցե'ք: Շատ շնորհակալություն: Վասիլի Իվանովիչը շատ ճիշտ խոսքեր ասաց իրոք: Եթե մենք ուզում ենք ավելի լավ ապրել, պետք է ավելի լավ աշխատենք` դա է ամբողջ իմաստը», - արձագանքել է Ռուսաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG