Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ուրբաթ օրը սկսում է Գործակցության համաձայնագիր կնքելու շուրջ պաշտոնական բանակցությունները Ադրբեջանի հետ:

Այդ նպատակով եվրոպական կողմից Բաքու է ժամանում բանակցային խմբի ղեկավար Ջոն Կրայերը, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը` հավելելով, թե պաշտոնական արարողություն կանցկացվի Բաքվի ծովափնյա թաղամասերից մեկում` մայրաքաղաքի Բիզնես-կենտրոնում:

Հարավկովկասյան տարածաշրջանում գործընթացը մեկնարկեց նախօրեին, երբ Եվրամիությունը բանակցություններ սկսեց Վրաստանի հետ: Հաջորդ շաբաթվա սկզբին եվրոպացի պաշտոնյաները նույն նպատակով կայցելեն Հայաստան:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն` Գործակցության համաձայնագրերի հիմնական նպատակը Եվրամիության եւ հարավկովկասյան երեք պետությունների միջեւ ավելի սերտ քաղաքական կապերի հաստատումն ու աստիճանական տնտեսական ինտեգրումն է։ Մինչեւ Գործակցության համաձայնագրի կնքումը եվրոպացիները հարավկովկասյան երեք երկրներին մի շարք պայմաններ կառաջադրեն` կողմերից պահանջելով ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք:

«Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցույց են տվել իրենց հստակ ձգտումը` սերտացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ», - հինգշաբթի օրը Բաթումիում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով Վրաստանում էր` ԵՄ - Վրաստան բանակցությունների պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

Եվրոպայի հետ նման համաձայնագրի կնքումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար առեւտրի եւ մարդկանց տեղաշարժի ազատականացմանը կհանգեցնի:

Այդ համաձայնագիրը սովորական քաղաքացիներին վիզային ռեժիմի դյուրացման, գործարարներին` տնտեսական կապերի խորացման հեռանկար է խոստանում, բայց` ոչ Եվրամիությանը անդամակցություն:

Նման համաձայնագրեր կնքելու իր ցանկության մասին Եվրոպական միությունը հայտարարեց անցած տարվա սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG