Մատչելիության հղումներ

logo-print

Քշիշտոֆ Զանուսի. «Ֆիլմ նկարելու լավագույն շարժառիթը վախն է»


Քշիշտոֆ Զանուսի

Քշիշտոֆ Զանուսի

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից հեղինակային կինոյի համաշխարհային ճանաչում վայելող լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ ֆիլմ նկարահանելու լավագույն շարժառիթը իր համար վախն է:

«Ես այդ մասին պատմում եմ նաեւ իմ վերջին ֆիլմում: Վախի մասին, վախի, որ կյանքդ տանուլ չտաս: Ախր, այնքան հեշտ է կյանքը տանուլ տալ», - ասաց նա` շարունակելով. - «Ես մշտապես վախեցել եմ պահը բաց թողնել: Վախեցել եմ չհասցնել կյանքից ստանալ այն, ինչ հնարավոր է: Դրա համար էլ ոչ միայն ֆիլմեր եմ նկարահանում, այլեւ դասավանդում եմ աշխարհի տարբեր երկրներում»:

Ամերիկյանի կինոակադեմիայի մրցանակ [Օսկար] չունենալը Զանուսին բացատրեց հետեւյալ կերպ. - «Դա ընտրություն է, գիտակցված ընտրություն: Դու պետք է իմանաս խաղի կանոնները, եւ կա'մ խաղում ես, կա'մ չես խաղում այդ կանոններով: Եթե ես ուզում եմ ֆիլմ նկարահանել եւ ցույց տալ իմ հայացքը կյանքին, միանգամից կարելի է ասել, որ չեմ փորձի դա անել Հոլիվուդում: Որովհետեւ իմ հայացքը այդ ֆիլմերում տեղ չի կարող ունենալ»:

Անվանի ռեժիսորը ասաց, թե հայկական ժամանակակից կինոյին ծանոթ չէ` այդուհանդերձ, շարունակելով. - «Ձեր վիճակն այստեղ ավելի դժվար է, որովհետեւ ձեր շուկան է ավելի փոքր... Հիմա հեշտ է ֆիլմ նկարահանել, խնդիրը ցուցադրելն է, իսկ պետությունը չի աջակցում ֆիլմերի տարածմանը»:

Ամենամեծ խնդիրը, նրա համոզմամբ, նոր ֆիլմերի տարածումն է նախ ներքին շուկայում, ապա եւ` դրսում:

«Հսկայական քանակությամբ հայեր են ապրում սփյուռքում: Եվ ձեր համար խնդիր է լուծել նաեւ դրսում ձեր ֆիլմերի տարածման հարցը: Հարուստ սփյուռքը կարող է դրա համար վճարել, բայց կազմակերպիչներ են պետք», - ասաց Քշիշտոֆ Զանուսին:
XS
SM
MD
LG