Մատչելիության հղումներ

Արարատի մարզպետը հրաժարականը ներկայացրել է «նախագահականի պահանջով»


Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Հինգշաբթի օրը կառավարության նիստում «սեփական դիմումի համաձայն» Արարատի մարզպետի պաշտոնից ազատվել է Վարդգես Հովակիմյանը: Արարատի մարզպետ է նշանակվել Էդիկ Բարսեղյանը: Արդեն նախկին մարզպետ Հովակիմյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հրաժարականը ներկայացրել է «նախագահականի պահանջով»:

«Ես չհասկացա ինչ կատարվեց եւ ինչի համար... Համենայն դեպս, համաձայնեցրել են նախագահականի հետ: Ինձ ասացին` դիմում գրի... Գրել, թողել-դուրս եմ եկել: Ինձ թվում է, վատ բան չկա դրա մեջ: Եթե որոշել են այդպես»:

Հարցին, թե հակասությունների ունեցե՞լ է իշխանությունների ներկայացուցիչների հետ, արդեն նախկին մարզպետը արձագանքեց. - «Ոչ մեկի բացարձակապես: Բոլորի կողմից էլ ընդունված, հարգված անձնավորություն եմ եղել»:

Սակայն հարցին, թե հրաժարականը որեւէ կապ ունի իր որդուն առնվող միջադեպի հետ, Հովակիմյանը պատասխանեց. - «Այս պահին իմ որդին հարցաքննության մեջ է: Իմ որդուն ծեծել են, բայց ամբողջ հրապարակումները եղան, թե իմ տղան կռիվ ա արել: Դրա համար եմ մի քիչ բարկացած: Խնդրեմ, գնացեք հիվանդանոցում տեսեք` իմ որդին կռիվ ա արե՞լ, թե՞ նրան ծեծել են: Իմ որդին չի հասցրել բան խոսել: Աստիճաններից Ալիկ Սերգեիչի [Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի] ռեստորանից իջնելու ժամանակ քաշել-քցել են գետնին, ծեծել են: Ինչ-որ մի հատ աղջկա վարդ տալու համար: Դա Ալիկ Սերգեիչի շինծու, սարքած բաներն էր»:

Հիշեցնենք. ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հուլիսի լույս 6-ի գիշերը նախկին մարզպետի 22-ամյա որդին` զինծառայող Վահե Հովակիմյանը Արտաշատ քաղաքի զբոսայգում վիճաբանել է մի երիտասարդի հետ, ինչի արդյունքում 2-ն էլ ստացել էին մարմնական վնասվածքներ: Նրանց նկատմամբ «նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նրանք ստորագրությամբ բաց են թողնվել»:

Հարցին, թե մինչեւ միջադեպը արդյոք լարված հարաբերություններ է ունեցել Ալիկ Սարգսյանի հետ, Հովակիմյանը պատասխանեց. - «Այդ մասին հետո կխոսենք»:

Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը [մինչեւ նշանակումը` Արտակարգ իրավիճակների փոխնախարար, Փրկարար ծառայության պետ, դրանից առաջ` Սյունիքի մարզպետ] կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը ասաց. - «Ես չորս տարի աշխատել եմ [Սյունիքի] մարզպետ, ինձ համար սովորական աշխատանք է»:

Արարատի մարզպետի պաշտոնը կոալիցիոն հուշագրով վերապահված է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Էդիկ Բարսեղյանը կուսակցական չէ, բայց առաջիկա օրերին «անպայման անդամակցելու է» ՀՀԿ-ին:

«Պատասխանատու ձեւով հայտարարեմ, որ երբ անցնեի կենսաթոշակի, ես միանշանակ մտնելու էի Հանրապետական կուսակցության մեջ: Ես գաղափարախոսությունը ընդունում եմ կուսակցության եւ հարգում եմ այդ կուսակցության դերն ու նշանակությունը», - հայտարարեց Բարսեղյանը:
XS
SM
MD
LG