Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը համաձայն է 5 տարվա ընթացքում հետ ստանալ Քելբաջարի ու Լաչինի շրջանները


«Ադրբեջանը համաձայն է Հայաստանի կողմից գրավված Քելբաջարի ու Լաչինի շրջանները հինգ տարում վերադարձնելու մասին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր կայացած ասուլիսում։

Ալմաթիի հանդիպման նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ, ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Մամեդյարովը հրապարակել է նաեւ բանակցային գործընթացի պատմության մի շարք կարեւոր դրվագներ, որոնք վերաբերում են այս երկու տարածքների վերադարձի ժամանակացույցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծավալված վիճաբանությանը։ «Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ առաջարկում էր Քելբաջարը եւ Լաչինը Բաքվի վերահսկողությանը հանձնել միայն տաս տարի հետո, իսկ ահա Ադրբեջանը պնդում էր, որ դրանք պետք է վերադարձվեն մեկ տարվա ընթացքում», - ասել է Էլմար Մամեդյարովը։ - «Նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, բանակցային գործընթացի սկզբնական փուլում, Երեւանը կրճատեց այդ ժամկետները մինչեւ յոթ տարի, իսկ Ադրբեջանը հանդես եկավ առաջարկով` երեք տարվա ընթացքում հայկական զորքերը Քելբաջարի ու Լաչինի շրջաններից հանելու մասին»։

Մամեդյարովը Ալմաթիի հանդիպման նախօրեին պնդել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները առաջարկում են այս երկու տարածքները վերադարձնելու հնգամյա ժամկետներ, ինչին իր համաձայնությունն է տվել Ադրբեջանը։ Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը Ռուսաստանը մի շարք առաջարկներ է ներկայացրել հակամարտության լուծման համար, որոնց թվում եղել է նաեւ Քելբաջարի ու Լաչինի շրջանների վերադարձի հարցը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հերքել է այն լուրը, որ Ալմաթիում քննարկվելու է Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձի հարցը, նշելով, որ նախարարները առաջիկա հանդիպմանը քննարկելու են միայն Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որը ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG