Մատչելիության հղումներ

logo-print

Քուշները Վրաստանին կոչ է անում ուղիղ բանակցել Ռուսաստանի հետ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հանդիպումը, Թբիլիսի, 15-ը հուլիսի, 2010թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հանդիպումը, Թբիլիսի, 15-ը հուլիսի, 2010թ.

Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները կոչ է արել Վրաստանին «ինչքան էլ դժվար լինի` իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ուղիղ բանակցել Ռուսաստանի հետ»:

«Մենք կարծում ենք` երկխոսությունը պարտադիր է, բառերի, տերմինների օգտագործումը այստեղ չի փրկի», - միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Քուշները` նկատի ունենալով պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը, թե Ռուսաստանը գրավել է Վրաստանի տարածքները` Աբխազիան եւ Հարավային Օսիան:

«Ցավում ենք, որ ստեղծված իրավիճակում դուք միայնակ չեք կարող գործը գլուխ բերել», - վրացիներին դիմելով` հավելել է ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան եւ այդ հարցում նրանց օգնելու պատրաստակամություն է հայտնել, հայտարարելով, որ «անհրաժեշտ է Ռուսաստանին համոզել` դուրս գալ Վրաստանից»:

Քուշները վստահեցրել է, որ «Ֆրանսիան կաշխատի համոզել Ռուսաստանին` դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքներից»:

«Որեւէ մեկը չի կարող մտքով իսկ անցկացնել, թե Ֆրանսիան լքել է եվրոպական մեծ ընտանիքի մտերիմը հանդիսացող Վրաստանին», - հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

2008 թվականի ռուս - վրացական հնգօրյա պատերազմից հետո Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով Ֆրանսիան ակտիվ միջնորդական առաքելություն էր ստանձնել: Օգոստոսի 12-ին հրադադարի մասին համաձայնագրի կնքումից մի քանի օր անց, սակայն, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Թբիլիսի է ժամանել չորեքշաբթի երեկոյան` երկօրյա այցով: Նույն օրը նա ոչ պաշտոնական ճաշկերույթ է անցկացրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, հինգշաբթի օրը նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է նաեւ ընդդիմության ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG