Մատչելիության հղումներ

logo-print

Վանում նավեր են կառուցում ու վերանորոգում սեպտեմբերի 19-ի համար


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Վանում ակտիվորեն սկսել են նավեր կառուցել հայ ուխտավորներին սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզի հասցնելու համար: Այդ օրը գրեթե հարյուրամյա ընդհատումից հետո Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվելու, եւ ակնկալվում է, որ աշխարհի ծայրերից հազարավոր հայեր կժամանեն Թուրքիա։

Ու հիմա Վանի տեղական նավաշինական բիզնեսը բուռն վերելք է ապրում։ Նավատերերը աշխատում են ոչ միայն վերանորոգել, ավելի հարմարավետ, ավելի անվտանգ դարձնել իրենց նավերը, այլեւ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր նավեր են կառուցում, գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Ես համարյա ավարտել եմ երկու նավի կառուցումը եւ մեկ ուրիշ նավ կառուցելու պատվեր եմ ստացել», - ասել է նավաշինարար Սյութ Բելեքը։ Նա հայտնել է, որ նավերի վրա սրահներ, խոհանոցներ ու զուգարաններ կան։ Մոտավորապես երկու ամիս է պետք այդպիսի մի նավ կառուցելու համար, որի վրա 65 հազար լիրա (մոտ 42 հազար դոլար) է ծախսվում։

Աղթամարի տրանսպորտային կոոպերատիվի ղեկավարը եւս ասել է, որ համարյա 40 նավերով սպասարկելու են ուխտավորներին։

Վանի նահանգապետ Կարաօղլուն լրագրողներին ասել է, թե ակնկալվում է, որ հոգեւոր արարողությանը մասնակցելու է Թուրքիայի Հայոց պատրիարքը։

Նա վստահեցրել է, որ տեղական իշխանությունները ամեն ինչ կանեն ուխտավորներին լավագույն հյուրընկալություն ցուցաբերելու համար։

Աղթամարի եկեղեցին կառուցվել է 1100 տարի առաջ` 915 - 921 թվականների ընթացքում: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին փակ էր, կիսաքանդ: 2007 թվականին եկեղեցին վերաբացվեց։ Վերանորոգման աշխատանքների վրա 1 միլիոն 700 հազար դոլար ծախսվեց։ Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացմանը մասնակցեցին հայ եւ թուրք պաշտոնյաներ, բայց եկեղեցին վերաբացվեց որպես թանգարան։

Այս տարվա մարտին Թուրքիայի կառավարությունը թույլատրեց, որ տարին մեկ անգամ` սեպտեմբերի երկրորդ շաբաթվա մեջ, Սուրբ Խաչի տոնին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG