Մատչելիության հղումներ

Հուլիսի 15-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականը անդրադառնում է «Իլհամ Ալիեւի ամենասիրած փաստարկին` Ադրբեջանի ռազմական հզորությանը»: Այդ երկրի շուրջ 2 միլիարդ 150 միլիոն դոլարի հասնող ռազմական բյուջեի մասին հաճախակի հղումների վերաբերությամբ թերթը նկատում է. - «Այս թվի վերաբերյալ կարելի է առնվազն երեք վերապահում անել: Նախ` որքանո՞վ է այն համապատասխանում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին. կարծես թե միջազգային կառույցներն այդ հարցին մատների արանքով են նայում: Երկրորդ` Ադրբեջանը մեզնից է՛լ բեթար ավտորիտար երկիր է. այն, ինչ մենք գիտենք Հայաստանի իշխանությունների ոչ թափանցիկ, անվերահսկելի գործողությունների մասին, ավելի մեծ մասշտաբով կիրառելի է հարեւան երկրի համար: Այդքան փող գուցեեւ ծախսվում է, բայց թե որքան է դրանից ուտվում` միայն ադրբեջանցի գեներալները գիտեն: Սակայն ամենակարեւոր խնդիրն այն է, որ որեւէ երկրի ռազմական հաջողությունների հնարավորությունը չի պայմանավորվում այդ պետության ռազմական ծախսերով: 1960-ական թվականներին ԱՄՆ-ի ռազմական բյուջեն հասնում էր տրիլիոնների եւ մի քանի տասնյակ անգամներ գերազանցում էր Վիետնամի հնարավորությունները: Նույնը կարելի է ասել 1970-ականների Խորհրդային Միության եւ Աֆղանստանի մասին: Եվ ինչ, կարողացե՞լ են մեծ բյուջեներ ունեցող երկրները հասնել իրենց նպատակներին: Ոչ, չեն կարողացել, եւ բացատրությունն այստեղ պարզ է»:

«Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ով վերջերս վերադարձել է Օսլոյից, որտեղ հուլիսի 6-10-ը ընթանում էր ԵԱՀԿ ԽՎ-ի 19-րդ տարեկան նստաշրջանը, նշում է. - «ԵԱՀԿ-ի շրջանակներում եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կա ընդհանուր մեծ հետաքրքրություն երկու արտգործնախարարների` Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպման նկատմամբ: Բոլորը անխտիր հասկանում են, որ դրանք շատ բարդ բանակցություններ են, եւ շատ դժվար է լինելու այսքան հակադիր կարծիքները բերել-մեկտեղել: Ես կարծում եմ, որ բոլորի հայացքները ուղղված են լինելու Նալբանդյան - Մամեդյարով հանդիպմանը, որովհետեւ եթե իրականություն դառնա Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողով հրավիրելու գաղափարը, իսկ այդ գագաթնաժողովը չի եղել արդեն 11-12 տարի` Ստամբուլի գագաթնաժողովից հետո, ուրեմն` պետությունների ղեկավարները կհավաքվեն եւ կկրկնեն իրենց հորդորը հակամարտող երկրների ղեկավարներին` առաջ տանելու գործընթացը: Ամեն դեպքում, կկայանա թե չի կայանա ԵԱՀԿ-ի անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը Աստանայում, ակնհայտ է, որ մինչեւ տարեվերջ ինչ-որ մի փաստաթուղթ պետք է ստեղծվի: Դա համաձայնության պլատֆորմ պետք է լինի, որովհետեւ դեկտեմբերին Աստանայում անպայման արձանագրվելու է, թե ինչ վիճակում է կարգավորման գործընթացը Աթենքի հռչակագրից հետո»:

Ղարաբաղյան թեման է շոշափում նաեւ «Հայոց Աշխարհ»-ը` գրելով. - «Միջնորդ երկրների փորձերը` արագացնել ղարաբաղյան բանակցային գործընթացի հանգուցալուծումը, իրականում ոչ թե դեպի առաջ, այլ դանդաղորեն հետ են հրում ողջ գործընթացը: Պատճառն այն է, որ արագացումը պահանջում է այն հարցերի հստակեցումը, որոնց վերաբերյալ կողմերը տրամագծորեն հակադիր դիրքորոշումներ ունեն: Բնական է, որ այս պայմաններում նրանցից յուրաքանչյուրը փորձում է սայլը իր կողմը քաշել, իսկ դրա հետեւանքով անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչի շուրջ են ծավալվելու Ալմաթիի բանակցությունները»:

Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծման նախաձեռնողների նամակի կապակցությամբ, որում վերջիններս հայտարարում են ծրագրի կասեցման հնարավորության մասին, «Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ուրախ ենք, որ նախագծի հեղինակները ողջամիտ են գտնվել եւ, հիմնավորելով հանդերձ իրենց կարծիքը, որոշում են կայացրել իրենց նախագիծը հետ կանչելու մասին: Իսկապես, նման դիմադրության պայմաններում ոչ մի գործ հաջողության չի հասնի: Ինչպես մենք` հայերս ենք ասում, այդ գործն արդեն ի սկզբանե նավսված էր: Մյուս կողմից, չի բացառվում նաեւ, որ նախագծի հեղինակներին մեր իշխանությունն է խնդրել նման քայլ անել. այս դիմադրությունը կարող էր վերջ չունենալ եւ կարող էր բումերանգով հարվածել նրան` շատ անսպասելի տեղում ու ժամանակ: Ամեն դեպքում, նամակը մտահղացած անձանց կարելի է ողջունել նման բացառիկ քայլի համար: Բայց հատկապես պետք է շնորհավորել նրանց, ովքեր պայքարի կամք ցուցաբերեցին եւ ստիպեցին նահանջել ուժի ու հաստատակամության առաջ: Նման հաղթանակներն են ձեւավորում քաղաքացիական հասարակությունը, իսկ հաղթողները պայքարի էստաֆետն այլեւս բաց չեն թողնի»:

«168 ժամ»-ը գրում է. - «Ջերմուկում կամ Սեւանում հանգստանալու համար մենք օդանավ չենք նստում եւ, բացի այդ, եկամուտներն էլ ստանում ենք դրամով: Սակայն դատելով հանգստի համար արտերկիր մեկնողների թվաքանակից` հայաստանցիների մի ստվար զանգվածի համար ավելի ձեռնտու է 1400 դոլարով մեկնել Անթալիա, քան 1500 դոլար ծախսել Ջերմուկի թեկուզ ամենալավ հանգստյան տանը: Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ Անթալիան ավելի հարմար տարբերակ է` թե՛ գնի, թե՛ որակի առումով: Միակ խոչընդոտն այն է, որ Անթալիան ընտրելու դեպքում որոշ «գերհայրենասերներ» ձեզ կարող են ներկայացնել որպես դավաճան»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG