Մատչելիության հղումներ

Շարունակվում է պայքարն ընդդեմ Ուսանողական այգու կառուցապատման


«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները չեն դադարեցնում իրենց պայքարը, թեեւ կառուցապատման աշխատանքները Ուսանողական այգում շարունակվում են։

Նախաձեռնության հեղինակները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասացին, որ ավելի քան մեկ ամիս առաջ դիմում են ներկայացրել նախագահի վերահսկողական ծառայություն, ինչից հետո մի քանի անգամ փորձել են տեղեկանալ, թե ինչ ընթացք է ստացել այն։

«Առաջին երկու անգամը մեզ պարզապես առաջարկել են սպասել, իսկ երրորդ անգամ` երեկ, մեր անդամներից մեկը զանգահարեց նախագահական նստավայր, եւ իրեն ասացին, որ դիմումը գտնվում է վերահսկողական ծառայության պետի մոտ, բայց դեռ չի մակագրվել», - «Ազատություն» ռադիոկայնին ասաց «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը։

Ավթանդիլյանի խոսքով, դիմումը նախագահի վերահսկողական ծառայությանն է հանձնվել 48 օր առաջ։ Այդուհանդերձ, նախաձեռնության հեղինակներին վստահեցրել են, որ գործին ընթացք կտրվի։ Նախագահի վերահսկողական ծառայությունից որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, ասացին, որ ծառայության ղեկավարը խորհրդակցության է։

Նախաձեռնության մեկ այլ անդամ` Մարիամ Սուխուդյանը վերջերս Ուսանողական այգում ընթացող շինարարության հարցով դիմել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Երեկ Սուխուդյանը զանգահարել էր վարչապետի օգնական Արամ Անանյանին` պարզելու, թե ինչ է ձեռնարկել վարչապետն այդ ուղղությամբ։

«Նա ասաց, որ հանձնարարական է տվել վարչապետը, շուտով [Երեւանի քաղաքապետ] Բեգլարյանը ձեզ կուղարկի այդ փաստաթղթերը», - փոխանցեց Սուխուդյանը:

Արամ Անանյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Վարչապետը խոսել է քաղաքապետի հետ եւ կարեւորել է այն հանգամանքը, որ շահագրգիռ բոլոր կողմերը ստանան պատշաճ տեղեկատվություն»:

Քաղաքապետարանում «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանումներ տվեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը. - «Տվյալ խնդրի վերաբերյալ բոլոր դեպքերում մանրամասն ներկայացված են նախագծային լուծումները, ներկայացված են նախագծերը նաեւ շինհրապարակներում: Մարդու իրավունքների պաշտպանի հարցադրումներ են եղել, պատասխանները տրվել են: Այդտեղ որեւէ գաղտնիք չկա. բոլոր նյութերը եւ բոլոր տվյալները բազմիցս ներկայացվել են ըստ պահանջի»:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները պատրաստվում են դատարանում վիճարկել Ուսանողական այգում ընթացող շինարարության թույլտվությունը, որը ժամանակին տվել է Երեւանի քաղաքապետարանը։ Ներկայացվելիք հայցադիմումում պահանջելու են նաեւ դադարեցնել շինարարությունը։

Ընդդեմ քաղաքապետարանի մեկ այլ հայցադիմում արդեն ուղարկվել է վարչական դատարան։ Հայցադիմումի հեղինակը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն է։ Կենտրոնի շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ Սոնա Այվազյանի խոսքով, դիմել են դատարան, քանի որ իրենց չի հաջողվել քաղաքապետարանից ստանալ համապատասխան տեղեկատվությունը։

«Դեռեւս անցյալ տարվա օգոստոս ամսին մենք դիմել էինք Երեւանի քաղաքապետին` խնդրելով տեղեկություն տրամադրել մի շարք կանաչ տարածքներում իրականացված կառուցապատումների վերաբերյալ: Մարտ ամսին, երբ սկսվեց Ուսանողական այգու կառուցապատումը, մենք մեր դիմումի մեջ ավելացրեցինք նաեւ Ուսանողական այգու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Այվազյանը:

Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ սպասելու են եւ հետեւողական են լինելու իրենց պայքարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG