Մատչելիության հղումներ

Հայաստանը «մտահոգություն չունի» Վրաստանով անցնող գազատարի հնարավոր սեփականաշնորհման կապակցությամբ


Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսեսյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսեսյանը:

Վրաստանի տարածքով ռուսաստանյան բնական գազը Հայաստան հասցնող խողովակաշարի հնարավոր սեփականաշնորհումը «այս պահին չի առաջացնում Հայաստանի կառավարության մտահոգությունը»:

«Այս պահին որեւիցե մտահոգություն չունենք», - լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: - «Եվ դա, նույնիսկ եթե վաճառքի հանեն, մեր երկրի համար որեւիցե ցնցումային իրավիճակ չի ստեղծի»:

Հայաստանում այս հարցի շուրջ մտահոգություններ էին հնչել, երբ Վրաստանի խորհրդարանում անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրվեց եւ երեկ արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց մի օրինագիծ, որով Ռուսաստանից Հայաստան գազ մատակարարող մայրուղային խողովակաշարը հանվում է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ցանկից, ինչը ենթադրում է, որ այն կարող է նաեւ սեփականաշնորհվել երրորդ երկրի ընկերությունների կողմից:

Մամուլում շրջանառվում էր, որ Հայաստանի համար խիստ կարեւոր այդ գազատարով արդեն հետաքրքրված է նաեւ Ադրբեջանի նավթային ընկերությունը:

Արմեն Մովսիսյանը, սակայն, այսօր ասաց, թե վրացական կողմը միտք չունի վաճառել մայրուղային գազատարը. վրացական խորհրդարանը առաջարկում է ողջ գազատարը հանել ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկից, որպեսզի հնարավորություն ունենա վաճառել մայրուղային գազատարը բաշխիչ ցանցերին միացնող հատվածները:

«Վրաստանը չի հայտարարել, որ պատրաստվում է դա վաճառել: Վրաստանը ընդամենը ստրատեգիական օբյեկտների ցանկից հանել է այդ գազատարը: Հանել է մի պատճառով` այդ գազատարից սնուցվող մյուս գազատարները, որոնք ճյուղավորումներ ունեն, մտնում են արդեն բաշխիչ ցանցերի մեջ, եւ որպեսզի այդ ճյուղավորումները կարողանա ցանցերի մեջ մտցնել, բնականաբար, նա պետք է ընդհանուր այդ ցուցակից հանի»,- վստահեցրեց նախարարը` հավելելով. - «Ինչ վերաբերում է վաճառքին` այս պահին Վրաստանի իշխանությունները ո'չ հայտարարել են, ո'չ էլ պատրաստվում են դա օտարել»:

Արմեն Մովսեսյանի հավանական չի համարում, թե ապագայում Վրաստանը կարող է, այնուամենայնիվ, որոշել վաճառել մայր գազատարը:

«Չեմ կարծում, որ նման բան կանեն, որովհետեւ դա իր հետ քաղաքական խնդիրներ է բերում», - ասաց նա:

Ասուլիսում նախարարը ներկայացրեց նաեւ ընթացիկ տարվա առաջին կիսամյակը ամփոփող որոշ տվյալներ: Ըստ այդմ` էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15 տոկոսով, ինչը պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերության 25 տոկոս աճով։

Ինչ վերաբերում է Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառելու ծրագրերին, ապա Արմեն Մովսիսյանն ասաց. - «Տեխնոլոգիական առումով հնարավորությունները բավականին մեծ են: Մենք նախկինում ունեինք պայմանագիր թուրքական ընկերությունների հետ 1,5 միլիարդից սկսելու եւ այդ ծավալները ավելացնելու: Մեր հնարավորությունները նույնն են, նույնիսկ ավելին այս պահին, որովհետեւ նոր հզորություններ ունենք: Սակայն թուրքական կողմում կա քաղաքական խնդիր, եւ այդ քաղաքական խնդիրը խանգարում է այս պահին այդ գործընթացը սկսելուն: Ամեն դեպքում տաք վիճակում են այդ բանակցությունները»:

Խոսելով ծրագրերի մասին` Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ մի քանի ամսից կմեկնարկեն երեք խոշոր ծրագրեր, որոնք բոլորն էլ հայկական կողմը Իրանի հետ է իրականացնելու։ Դա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումն է, բարձր լարման էլեկտրահաղորդման գծի անցկացումը եւ աշնանը մեկնարկելիք նավթամթերքատար խողովակաշարի շինարարությունը։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 700 միլիոն դոլարից ավելի է։

Նավթամթերքատար խողովակաշարի կառուցումը գնահատվում է 180 միլիոն դոլար, Հայաստանն ու Իրանը ներդրումները կատարելու են 50-50 սկզբունքով։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է տալու հայկական կողմին այդ խողովակաշարը` նախարարը ասաց, թե դրանով Հայաստանը բենզինն եւ դիզելային վառելիքը ստանալու է եվրոպականից ավելի ցածր գներով: Կկրճատվեն նաեւ տրանսպորտային ծախսերը:
XS
SM
MD
LG